Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Հունիսի 6-ին Հայաստանում լռության օր է։ Վաղը՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան ԱԺ հերթական ընտրություններ։
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
ԿԸՀ-ն տպագրել է ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների համար ընդհանուր թվով 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ։
Ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։
Ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։
Ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։
Հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00) և հունիսի 7-ին (8։00-20։00) ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցսուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։
Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում:


