MediaTime.am-ը գրում է.
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնում է, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել կամ վերանայել Հայաստանի համար գործող մի շարք տնտեսական արտոնությունները, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Պարբերականի տվյալներով՝ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը մայիսի 25-ին պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ զգուշացնելով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է վտանգել ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության ներկայիս ձևաչափը։
Խոսքը վերաբերում է 2013 թվականին ստորագրված համաձայնագրին, որի շրջանակում Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ստանում է բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ։ Եթե այդ արտոնությունները չեղարկվեն, Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն աճել։
Ներկայում Հայաստանը ռուսական գազը ձեռք է բերում արտոնյալ սակագնով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց շուրջ 177 դոլարով։ Սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում այդ գինը կձևավորվի շուկայական սկզբունքներով։ Համեմատության համար՝ եվրոպական շուկայում գազի գինը մայիսի վերջին կազմել է շուրջ 584 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գազը կարող է թանկանալ գրեթե երեք անգամ։
Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից։ 2025 թվականին երկիր է մատակարարվել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, իսկ այլընտրանքային աղբյուրների հնարավորությունները դեռևս սահմանափակ են։
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ արտոնությունների հնարավոր չեղարկումը կարող է ազդել ոչ միայն գազի, այլև նավթամթերքի և ադամանդների ներմուծման վրա՝ լրացուցիչ տնտեսական բեռ ստեղծելով Հայաստանի համար։
Աղբյուրը՝ «Коммерсантъ»


