Ծաղկունքում 48–ամյա տղամարդն ազգականին uպանել է նրանից նվեր ստացած զենքnվ.
Այսօր սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կասկածյալն արեն ձերբակալված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը
Հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:
«Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:


