Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Աստանայում կազմակերպված պաշտոնական դիմավորման արարողության ընթացքում ռազմական ինքնաթիռները թռել են քաղաքի վրայով՝ երկնքում թողնելով ռուսական եռագույնի գույները։
Պուտինին Անկախության պալատում դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցություններ են սկսել։
Քննարկումների հիմնական թեմաներն են ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Ռուսաստանի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են ավելի քան 30 ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և մի շարք դաշնային նախարարներ։
Պուտինը նաև կմասնակցի Աստանայում անցկացվող Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված միջոցառումներին։