Մերկելը մերժել է ՌԴ հետ բանակցության միջնորդ լինելու առաջարկը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Ուկրաինայի պատերազմի ավարտի հարցով Ռուսաստանի հետ ԵՄ-ի բանակցություններում իր միջնորդության գաղափարը՝ հաղորդում է Hasepost-ը։
WDR Europaforum-ում ելույթ ունենալով՝ Մերկելը հստակեցրել է, որ հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ երկխոսություն վարել առանց իրական քաղաքական իշխանության։
Հայտարարությունը հնչել է Եվրոպայում Կրեմլի հետ հնարավոր շփումների ձևաչափի շուրջ քննարկումների ֆոնին։ Ավելի վաղ Der Spiegel-ի աղբյուրները հայտնել էին, որ 71-ամյա Մերկելին դիտարկել են որպես միջնորդ, քանի որ նա ծանոթ է և՛ Պուտինին, և՛ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, գիտի ռուսաց լեզուն, ինչպես նաև հարաբերական չեզոքություն ունի ընթացիկ քաղաքականությունից հեռու մնալու պատճառով։ Այդ դերի այլ հնարավոր թեկնածուների թվում Politico-ն նշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին:
Ուկրաինայի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներն ընդգծել են, որ բանակցողը պետք է վայելի Եվրամիության լայն աջակցությունը՝ միաժամանակ չարժանանալով Պուտինի անվստահությանը։
ՌԴ նախագահը նախկինում որպես միջնորդ էր առաջարկել Գերմանիայի մեկ այլ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։ ԵՄ-ն մերժել է այդ թեկնածությունը։ Շրյոդերը բազմիցս քննադատության է ենթարկվել` Պուտինի հետ իր բարեկամության և ռուսական նավթագազային ընկերություններում աշխատելու համար։
Աղբյուրը՝ 1lurer.am


