Ինչպե՞ս ընդունել ժառանգությունը, եթե բաց եք թողել այն ընդունելու 6 ամսյա ժամկետը
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-1229-րդ հոդվածները սահմանում են ժառանգությունն ընդունելու կարգը, եղանակները, ժամկետները և ժամկետից հետո ընդունելու հնարավորությունը։
Ժառանգությունն ընդունելու պարտադիր պայման
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։
Ժառանգությունն ընդունելու եղանակները
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը՝
- միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար,
- իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր,
- իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները։
Ժառանգությունն ընդունելու ժամկետը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել վեց ամսյա ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել վեց ամսյա ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում։
Ժամկետից հետո ընդունում՝ առանց դատարանի
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը։ Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն 1226-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգով։ Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար։
Ժամկետից հետո ընդունում՝ դատարանի միջոցով
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը։
Ժառանգության տրանսմիսիա
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով՝ 1225-1228-րդ հոդվածներին համապատասխան։
Ամփոփելով, պետք է նշել, որ ժառանգությունն ընդունելու համար ժառանգը պետք է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում դիմում ներկայացնի նոտարին կամ սկսի փաստացի տիրապետել ժառանգված գույքը։ Ժամկետը բաց թողնելու դեպքում ժառանգությունը կարող է ընդունվել երկու եղանակով՝ առանց դատարանի (եթե մնացած բոլոր ժառանգներն համաձայն են) կամ դատարանի միջոցով (եթե ժառանգը չգիտեր ժառանգության բացման մասին և վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան) – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net-ին։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։


