«Եվրատեսիլ-2026» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կմեկնարկի Վիեննայում մայիսի 12-ին, ժամը 23:00-ին: Եզրափակչի 10 ուղեգրի համար պայքարում են 15 երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում են մրցույթի երկու հիմնական ֆավորիտները՝ Լինդա Լամպենիուսի և Պետե Պարկոնենի դուետը Ֆինլանդիայից և հույն Akylаs-ը:
Առաջին կիսաեզրափակչի ֆավորիտները
Մինչ այս «Եվրատեսիլի» մեկնարկը բուքմեյքերները հաղթանակի հիմնական խաղադրույքը կատարում էին Ֆինլանդիայի վրա: Ֆինների համարը «Liekinheitin» («Հրանետ») դրամատիկ փոփ-ստեղծագործությունն է՝ ջութակի մենակատարումներով: Սակայն Վիեննայի Wiener Stadthalle արենայի բեմում առաջին փորձերից հետո կտրուկ աճել են Akylas-ի կատարմամբ «Ferto» («Բեր») երգի հնարավորությունները: Այն էթնո-փոփի, ռեփի և տեխնո-դենսի միքս է, որը բեմում ներկայացված է գունեղ և էկլեկտիկ ոճով, գրում է dw.com-ը:
Ֆինլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները եզրափակիչ անցնելու ամենաբարձր շանսերն ունեն: Հնարավորություններ ունի նաև Մոլդովայից Satoshi-ն: Նրա «Viva Moldova» («Կեցցե Մոլդովան») երգիծական օրհներգը երաժշտական ոճով և բեմադրությամբ հիշեցնում է հույնի համարը և բացում է առաջին կիսաեզրափակիչը:
Բողոքի ցույցեր Իսրայելի մասնակցության դեմ
Գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե ինչպես ժյուրին և հանդիսատեսը կգնահատեն ու կընդունեն Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանի ելույթը «Michelle» բալլադով: Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլին» արդեն երրորդ տարին է՝ սուր վեճերի տեղիք է տալիս: Դրանց պատճառը 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հարձակմանն ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողությունների հետևանքներն են: Ի նշան Իսրայելի մասնակցության դեմ բողոքի՝ հինգ երկրների՝ Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Սլովենիայի հեռուստաընկերությունները 2026 թ․-ին բոյկոտել են «Եվրատեսիլը»:
Մայիսի 10-ին Վիեննայի կենտրոնում մրցույթի բացման արարողության ժամանակ երկրպագուները ջերմորեն ողջունել են Նոամ Բետանի հայտնվելը: Սակավաթիվ հակաիսրայելական ակցիաներ են անցկացվել մեծ տոնից դուրս: Ավստրիայի մայրաքաղաքում նոր ակցիաներ են հայտարարված մայիսի 12-ին և 15-ին:
Ովքեր կանցնեն «Եվրատեսիլի» եզրափակիչ
Բացի Ֆինլանդիայի, Հունաստանի, Իսրայելի և Մոլդովայի ներկայացուցիչներից, բուքմեյքերների և «Եվրատեսիլի» փորձագետների կանխատեսումներով, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին կայանալիք եզրափակչում հանդիսատեսը հաստատ կտեսնի Լիտվայի, Սերբիայի, Խորվաթիայի և Շվեդիայի մասնակիցներին: Ավելի դժվար կլինի Բելգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Չեռնոգորիայի և Էստոնիայի ներկայացուցիչների համար:
Եզրափակչի մյուս տասը մասնակիցները կորոշվեն հինգշաբթի՝ մայիսի 14-ին կայանալիք երկրորդ ընտրական փուլի արդյունքներով: Եզրափակիչ ինքնաբերաբար անցնում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները (որպես մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ամենախոշոր դոնորներ), ինչպես նաև նախորդ մրցույթում հաղթած երկիրը, որն այս տարի Ավստրիան է:
Հայաստանի մասնակցի մասին
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը Ավստրիայի մայրաքաղաքում հանդես կգա «Paloma Rumba» երգով երկրորդ կիսաեզրափակչում՝ բեմ դուրս գալով 6-րդ համարի ներքո:
«Paloma Rumba»-ն եռանդուն ստեղծագործություն է ազատության, շարժման և կյանքի սեփական ռիթմին հետևելու մասին, որն ընդգծում է կատարողի բեմական խարիզման:
newsarmenia.am


