Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական Միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով:
Բանաևը սաստիկ զայրացրել է պաշտոնական Բաքվին, երկրի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, թե «Բաքուն խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները», և դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա»:
Նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը: Բանաձևը նաև դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Ադրբեջանը, սակայն, կարծում է, որ Ղարաբաղից հայերը հեռացել են ինքնակամ, այնտեղ մշակութային ժառանգությունը չի ոչնչացվում, իսկ ռազմագերիներին արձակել են և ուղարկել հայրենիք՝ Բաքվի բանտերում թողնելով միայն «ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին»:
Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշվել է դադարեցնել Միլի Մեջլիսի բոլոր կապերը Եվրախորհրդարանի հետ։ Նաև կսկսվի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին Միլլի Մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգ։
Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ խորհրդարանը նախկինում էլ ստիպված էր եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի կողմից կողմնակալ փաստաթղթերի ընդունման պատճառով, սակայն Եվրախորհրդարանի համապատասխան ջանքերից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին, որոշում էր կայացվել հարաբերությունների վերականգնման մասին։
«Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրոպական խորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումն է՛լ ավելի է ակտիվացրել Եվրախորհրդարանի գործողությունները Ադրբեջանի դեմ։ Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ինչ պարամետրերի վրա է հիմնված տվյալ կառույցի գործունեությունը»,- հայտարարել է Գաֆարովան:
Նա հայտարարել է, թե Միլլի Մեջլիսը փաստաթուղթ կընդունի Եվրոպական խորհրդարանի «հակաադրբեջանական գործունեության» կապակցությամբ։



No Comment! Be the first one.