Անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է, որ Wildberries հարթակում վաճառքները դադարեցվել են ընդամենը մի քանի ժամվա ընթացքում՝ առանց որևէ բացատրության։ Վաճառողները այդ մասին սկսել են տեղեկացնել տելեգրամյան խմբում, որտեղ ընդգրկված է շուրջ 2500 ձեռնարկատեր։ Արդեն երեկոյան հայկական բոլոր անհատ ձեռնարկատերերի և ՍՊԸ-ների ապրանքները հանվել են վաճառքից։
«Հատկապես փոքր բիզնեսի համար մարքեթփլեյսը ոչ միայն վաճառքի ալիք էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ դրամական հոսքերի ձևավորման և ԵԱՏՄ երկրների շուկաներում բրենդի ճանաչելիության բարձրացման համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը աջակցի փոքր բիզնեսին։ Վերջիվերջո, հենց փոքր բիզնեսն է ձևավորում ապագա խոշոր ընկերությունները»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Wildberries ընկերության հետ կապված խնդրին։
«Փաստ 1: Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։
Փաստ 2: Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում եմ այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։
Փաստ 3: Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։
Փաստ 4։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն»,- գրել է նախարարը։


