Գազի հնարավոր թանկացումը՝ նոր հարված Հայաստանի տնտեսությանը․ ի՞նչ կլինի սննդամթերքի և բանջարեղենի գների հետ
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի հնարավոր թանկացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա՝ ազդելով ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև արտադրության ինքնարժեքի, սննդամթերքի և հատկապես բանջարեղենի շուկայական գների վրա։ Գազի գնի բարձրացման հետևանքով կարող են ավելանալ արտադրական ծախսերը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ապրանքների թանկացման և քաղաքացիների ֆինանսական բեռի մեծացման։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի խոսքով՝ ռուսական գազի թանկացումը ժամանակի հարց է, և դրա հետևանքները զգալու են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։
«Այն, որ մատակարարվող ռուսական գազի գինը բարձրանալու է, քննարկման ենթակա չէ՝ անկախ նրանից՝ դա քաղաքական բնորոշում կունենա, թե տնտեսական։ Հայաստանը ռուսական բնական գազի 1000 խորանարդ մետրի համար սահմանին վճարում է 177,5 դոլար, և այն կարող է հասնել մինչև 300 դոլարի։ Գազի թանկացումը կարող է ազդել էլեկտրաէներգիայի ու ջրի գնի վրա, քանի որ ռուսական գազով շահագործվում է Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։ Չի կարող գազի գնի բարձրացումը չանդրադառնալ տնտեսության բոլոր ոլորտների և քաղաքացիների գրպանի վրա»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։
Գազի թանկացման հնարավոր հետևանքները հատկապես զգալի կարող են լինել գյուղատնտեսության ոլորտում։ Ջեռուցվող ջերմոցներում բանջարեղենի արտադրությունը մեծապես կախված է էներգակիրների գնից։ Հետևաբար, գազի թանկացումը կարող է բարձրացնել արտադրանքի ինքնարժեքը, իսկ դա կարող է իր արտացոլումը գտնել նաև շուկայական գներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ գազի թանկացումը բացառել հնարավոր չէ՝ հիշեցնելով, որ վերջին ութ տարիների ընթացքում ռուսական գազի գինը առնվազն երկու անգամ բարձրացել է։ Նա նաև համեմատել է Հայաստանի և Թուրքիայի գազի ու բանջարեղենի գները՝ նշելով, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ թանկ է, բայց լոլիկի գինը ՀՀ-ից էժան է։ Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն բնական առավելություններով, այլև պետական սուբսիդավորման քաղաքականությամբ։
«Թուրքիան շուրջ 90 միլիոն բնակչություն ունի, աշխարհաքաղաքական դիրքը իդեալական է, բնակլիմայական պայմանները՝ իդեալական։ Թուրքիան անմիջական սահման ունի Եվրոպայի հետ, հարևան երկրների հետ խնդիր չունի, առավել ևս՝ տնտեսական առումով։ Թուրքիայի կառավարությունը սուբսիդավորում է իր գյուղատնտեսության ոլորտը՝ զարգացնելով այն։ Ու հիմա ՀՀ գյուղատնտեսությունը համեմատել Թուրքիայի գյուղատնտեսության հետ՝ դա հնարավոր չէ նկարագրել բառերով»,- ասաց տնտեսագետը։
Իսկ եթե գազի գինն իսկապես բարձրանա, ամենամեծ հարցը կլինի ոչ միայն այն, թե որքան կվճարի քաղաքացին իր գազի և էլեկտրաէներգիայի դիմաց, այլև այն, թե որքանով կթանկանա նրա ամենօրյա սպառողական զամբյուղը։


