Ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը
2026-03-7 / 09 43 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով կենսաթոշակների հաշվարկման գործընթացին։
Երեկ մի տեսանյութ ընկավ աչքովս, որը հիմա միասին կնայենք, և ես դրանից հետո այն կմեկնաբանեմ, ֊նշել է Թորոսյանը։
Տեսանյութում կինը նշում է․ «Քրտնել եմ, աշխատել եմ, ով որ էլ իրանց տանը քնել է, նրա թոշակն են ավելացնում։ Իմն ավելի քիչ է ավելացնում։ Խի՞։ Ես քրտնել եմ դրա համար»։
«Մեր հարգելի քաղաքացին, մեր սիրելի տատիկը, մայրիկը բողոքում է, որ մենք իր կենսաթոշակը, քանի որ ինքը երկար տարիներ է աշխատել, ավելի քիչ ենք բարձրացնում, քան քիչ աշխատող մարդկանց կենսաթոշակը, ինչը ամենևին այդպես չէ, այսինքն բացարձակ այդպես չէ։
Եվ մեր սիրելի քաղաքացին, ենթադրում եմ, տրվել է տարբեր սուտ տեղեկությունների՝ հիբրիդային այս պատերազմի շրջանակներում, և դրա համար վրդովվել է։ Եվ ես ուզում եմ երկու թվով ներկայացնել, թե ինչպես է իրականում։
Վերցնենք 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մեր քաղաքացու կենսաթոշակը, որ հիմա 39950 դրամ է, և 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակը՝ քաղաքացու կենսաթոշակը, որը 55850 է։ Ուրեմն և՛ առաջին թիվը, և՛ երկրորդ թիվը բարձրանալու են 10000 դրամով ուղիղ։ Եվ 20 տարվա ստաժ ունեցողինը դառնալու է 49950 դրամ, իսկ 40 տարվա ստաժ ունեցողինը՝ 65850 դրամ, և դա չհաշված նաև հետվճարը, որը կարող է լինել մինչև 10000 դրամ։
Հետևաբար, հարգելի՛ քաղաքացիներ, ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում հետևել միայն պաշտոնական լրահոսին, որովհետև մենք միշտ ամեն ինչ թափանցիկ ձեզ ներկայացնում ենք։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ»,-նշել է Արսեն Թորոսյանը։