Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան Մ1 ավտոճանապարհի 99 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից 2-ը ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միսակ Հովհաննեսյանը և Նարեկ Նիկոլյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Թալինի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
https://www.facebook.com/share/p/1CdZYztgMo/