Փետրվարի 16-ին՝ ուշ երեկոյան, Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի ունեցած կրակոցը ողբերգական ավարտ ունեցավ։ Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, որը ծանր հրազենային վիրավորումով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքից անմիջապես հետո «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ կրակոց արձակած անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հանցագործության մեջ կասկածվող անձը եղել է ոչ սթափ վիճակում և կրակել է իր անունով հաշվառված որսորդական հրազենից։
ՀՀ քննչական կոմիտեից էլ հաստատել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել էր Hongqi մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նախ բախվել էր Nissan մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի, ապա կանգնեցրել մեքենան և մոտ 30-40 մետր հեռավորությունից կրակոց արձակել տուժողի ուղղությամբ։ Դրանից հետո նա թողել էր մեքենան և դիմել փախուստի։
Ըստ նույն աղբյուրի՝ հրազենային վիրավորումը պատճառել է Զովունիի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա Ռուբեն Գ.-ն դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Մեզ հասած տվյալներով՝ միջադեպը սկսվել է կենցաղային վեճից․ տուժողը ծխախոտ է խնդրել, ինչի շուրջ ծագել է վիճաբանություն մի քանի անձանց միջև։ Վեճի ընթացքում մասնակիցներից մեկը հեռացել է, վերցրել զենքը և վերադառնալով՝ կրակոց արձակել։
Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները։
https://www.facebook.com/ciniik/posts/pfbid02cTVYCqi5xihn2PVFKQCToj2Kw4qAwaUh8jdqSYtMfGytwvgp9Qj9BYoRg8dU4qeH