Ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղը սկսվում է ենթաստամոքսային գեղձի հյուսվածքներից՝ որովայնի խոռոչի օրգան, որը գտնվում է ստամոքսի ստորին մասի հետին մասում::
Որպես արտազատող (էքսկրետոր) գեղձ, ձեր պանկրեասն արտադրում և ծորանով դեպի բարակ աղի է ազատում ֆերմենտներ (էնզիմներ), որոնք մասնակցում են մարսողությանը, իսկ որպես ներզատիչ (էնդոկրին) գեղձ՝ արտադրում և դեպի արյան հուն է բաց թողնում հորմոններ, որոնք մասնակցում են ձեր արյան շաքարի կարգավորմանը:
Ենթաստամոքսային գեղձում կարող են առաջանալ մի քանի տեսակի գոյացություններ՝ ներառյալ քաղցկեղային և ոչ քաղցկեղային ուռուցքները: Քաղցկեղի ամենատարածված տեսակը, որը ձևավորվում է ենթաստամոքսային գեղձում, սկսվում է ենթաստամոքսային գեղձից մարսողական ֆերմենտները դուրս բերող խողովակները ծածկող բջիջներից (ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարցինոմա):
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հազվադեպ է հայտնաբերվում իր վաղ փուլերում, երբ այն առավել բուժելի է: Սա պայմանավորված է նրանով, որ քաղցկեղի վաղ փուլերում հաճախ ախտանիշները բացակայում են, և դրանք ի հայտ են գալիս միայն այն բանից հետո, երբ քաղցկեղը տարածվում է այլ օրգանների վրա:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման տարբերակներն ընտրվում են՝ ելնելով քաղցկեղի տարածման չափից: Բուժման մոտեցումները կարող են ներառել վիրահատությունը, քիմիոթերապիան, ճառագայթային թերապիան կամ դրանց համակցությունը:
Ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ քաղցկեղի գանգատներն ու ախտանշանները հաճախ չեն ի հայտ գալիս, քանի դեռ հիվանդությունը` քաղցկեղը չի տարածվել:
Այդ գանգատներից և ախտանիշներից են՝
- որովայնի ցավ, որը տարածվում է դեպի մեջքը
- ախորժակի կորուստ կամ չնախատեսված քաշի կորուստ
- մաշկի և աչքերի սպիտակենու դեղնացում (դեղնուկ)
- բաց գույնի (գունազրկված) կղանք
- մուգ գույնի (մգացած) մեզ
- մաշկի քոր
- շաքարային դիաբետի նոր ախտորոշում կամ գոյություն ունեցող դիաբետ, որն ավելի դժվարությամբ է վերահսկվում
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- հոգնածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե զգում եք որևէ անբացատրելի ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է: Բազմաթիվ այլ հիվանդություններ և վիճակներ կարող են առաջացնել վերոնշյալ կամ դրանց նմանվող ախտանիշներ, ուստի վաղ ախտորոշումը դառնում է խիստ կարևոր: