Հայաստանում шշնան երկրորդ կեսին սпւրճը 20-30 %-ով կթшնկանա. Տիգրան Հովսեփյան

 

 

 

Հայաստանում աշնան երկրորդ կեսին սուրճը 20-30 %–ով կթանկանա, որը կապված է սուրճի միջազգային շուկայում թանկացումների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8 հազար դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5 ու կես հազար դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։

«Ապրիլից մինչև այսօր միջազգային շուկայում սուրճի գները բարձրացել են մոտավորապես 15–22 %-ով։ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գինն այսօր կազմում է 1 կիլոգրամի համար 8,1 դոլար, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճի 1 կգ-ը 4, 85 դոլար է։ Հայաստանում սուրճը 1 տարվա մեջ 1 անգամ է թանկացել։ 2024 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին Հայաստանում դեռ ունեինք սուրճի պաշարներ, մի քիչ ավելի մատչելի գնված, այդ իսկ պատճառով մենք նոյեմբերին թանկացրեցինք ընդամենը 10 %-ով, բայց արդեն այդ ժամանակ սուրճի գինը բարձրացել էր մոտավորապես 50 %-ով։ Մեր շահույթի հաշվին պահել ենք շուկան, որ չկորցնենք»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիայում և Վիետնամում տեղի ունեցած երաշտներ են, որի հետևանքով բերքը պակասել է։ ԱՄՆ–ի 20–30 % մաքսատուրքերը ևս ազդել են սուրճի միջազգային գների վրա։

Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։

«Կակաոն 1 տարվա մեջ 2 անգամ գրեթե 100 %–ով թանկացել է։ Հիմա կակաոյի 1 կիլոգրամն արժի մոտավորապես 10 դոլար։ Այս ֆոնին որակյալ շոկոլադի թանկացում ևս կնկատվի առնվազն 2 անգամ»,–ասաց նա։

Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից ի վեր սուրճի նման թանկացում չի եղել։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել