Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Դաշտավան գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրոմոբիլով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզում հաշվառված, սակայն նշված գյուղում բնակվող 40-ամյա Աննա Գ․-ին և նրա դստերը՝ 14-ամյա Մոնիկա Կ․-ին ապա բախվել է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ներսես Ա․-ի վարած «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է Աննա Գ․-ի մահը, իսկ երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Պիրոևը և Արթուր Քարամյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և քննիչ Լիլիթ Առուշանյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր է ժամանել նաև Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի վարչական ղեկավար Սանասար Խաչատրյանը։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։