13-ամյա դպրոցական աղջիկը մահացել է էլեկտրահարման հետևանքով, երբ խաղալիս է եղել ջրով լցված շատրվանում։ Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ երեխան ջրի մեջ է եղել իր հասակակիցների հետ, երբ հանկարծակի ստացել է էլեկտրական ուժեղ հարված։
Ականատեսների խոսքով՝ աղջիկը կորցրել է գիտակցությունը և ընկել ջրի մեջ։ Անցորդները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն նրանք ևս էլեկտրահարվել են։ Միայն էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո է հաջողվել նրան դուրս բերել և առաջին օգնություն ցուցաբերել։
Շտապօգնության և վերակենդանացման ծառայությունները տեղում արձանագրել են աղջկա մահը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օբյեկտների շահագործման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հանձնարարել է շտապ ստուգել տարածաշրջանի բոլոր շատրվանների տեխնիկական վիճակը։