168.am-ը գրում է․
Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական ողջ թիմը քննարկում է Վեհափառի կուսակրոն լինել-չլինելու հարցը` պահանջելով, որպեսզի Մայր Աթոռը պարզաբանի՝ «Վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ», ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի ու իշխանական վերնախավի արձագանքն այս խնդրին զրո է։
Արդեն 3 ամիս է՝ ադրբեջանական կողմը կրակում է. դրանք վերջին շրջանում ստացել են թիրախավորված բնույթ, քանի որ Խոզնավարում և Խնածախում վնասվել են մի քանի տների տանիքներ, ջրատաքացուցիչներ։
Այս գիշեր ևս ադրբեջանական կողմից կրակել են Խոզնավարի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչներից մեկը (նրա խնդրանքով անունը չենք նշում) ասաց, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական կրակոցները սովորական բնույթ են կրում։
«Երեկ լուսադեմին կրկին եղել են կրակոցներ: Մարդիկ գնում են իրենց անասուններին կթելու, այդ կրակոցների ձայները պարզ լսում են։ Այս գիշեր երեկոյան ժամը 23։00-ին գյուղի վերևի հատվածում են կրակել, մեկ րոպե անց արդեն սկսեցին կրակել գյուղի ներքևի հատվածում, այդպես պարբերաբար կրակել են մինչև լուսադեմ։ Դեռ չգիտեմ՝ որևէ վնաս եղե՞լ է ներքևի թաղամասում, թե՞ ոչ։
Ես մեկ բան հաստատ գիտեմ՝ Ադրբեջանը թիրախային է կրակում, սա 100 տոկոսով եմ ասում, սկզբում գյուղի վերևի հատվածներում էին կրակում, որտեղ տներ չկան, հիմա արդեն սկսել են տների ուղղությամբ կրակել։ Հիմա ի՞նչ, մեր իշխանությունները սպասում են, որ մարդիկ զոհվեն, նո՞ր հասկանան, որ թիրախային են այդ կրակոցները, քանի՜ ջրատաքացուցիչներ, տան տանիքներ վնասեցին, պատուհաններ կոտրեցին։ Չգիտեմ, իրավիճակը մտահոգիչ է, ու այս ամենը լավ բանի չի հանգեցնելու»,- նշեց մեր զրուցակիցը։
Խոզնավարի բնակչի համար արդեն զարմանալի չէ, երբ երկիրը կանգնած է լուրջ անվտանգային սպառնալիքի առջև, բայց երկրի ղեկավարն այդ խնդիրը լուծելու փոխարեն՝ օրը սկսում ու ավարտում է Առաքելական եկեղեցուն ու հոգևոր հայրերին փնովելով։
«Ես չեմ զարմանում, 5 տարուց ավելի է՝ ինձ համար արդեն պարզ է, թե այս իշխանությունները երկիրն ուր են տանում. երկիրը տանում են կործանման։ Մենք շուտով պետություն չենք ունենալու, գնչուների, Ասորեստանի նման՝ դառնալու ենք թափառական ազգ։ Ես արդեն հոգնել եմ այս ամենն ասելուց, ժողովուրդը թող հասկանա, ոտքի կանգնի։ Լավ, այս ամենն այնքան պարզ է, էլ ի՞նչ անեն, որ ժողովուրդը հասկանա։ Իմ շրջապատի մարդիկ ինձ նման մտածողներն են, հայրենիքի ու ժողովրդի մասին են մտածում, բայց կան մարդիկ, որ զոմբի են։
Ֆանտաստիկ ֆիլմեր տեսել եք, չէ՞, որ կմախքներին կրակում են, բայց նրանք անտարբեր վեր են կենում ու նորից քայլում են, կան մարդիկ, որ այդ կմախքների նման են։ Թուրքը կրակում է, բայց սրանք անտարբեր են, ի՞նչ ասեմ, թող գնան թուրքի հետ ախպերություն ու բարեկամություն անեն։
Նախ այս ժողովրդի գիտակցությունը պետք է բարձրացնեն։ Օրինակ՝ տեսեք, Խնածախի բնակիչները հստակ ասում են, որ վիճակը բարդ է, անհանգստացնող է, բայց Խոզնավարի բնակիչները դեռ ձայն չեն հանում։ Վե՛ր կացեք եկե՛ք գյուղ, շփվե՛ք բնակիչների հետ, կտեսնեք՝ ինչպես է իրավիճակը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Խոզնավարի բնակիչը նաև փոխանցեց, որ գյուղի բնակիչներից մեկը գմբեթ է սարքել այն օրինակով, ինչպես սարքում են ՈՄԱ-ում, որպեսզի հարկ եղած դեպքում գոնե բնակիչները պատսպարան ունենան, սակայն բնակիչները բողոքել են, թե դա պետք չէ իրենց, թող հեռացնեն գյուղից։
«Աստված չանի, մի հատ «բամբյոժկա» լինի, մարդիկ գոնե ապաստարան կունենան, բա մարդը չարչարվի սարքի, հիմա գնան, ասեն՝ հանի՞։
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ բնակիչները մեղադրում են լրագրողներին, բայց ոչ իշխանություններին, ցավալի է, բայց փաստ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։