Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։ Այս մասին հայտնել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։ Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսավորողների կողմից կամայական արժեքի սահմանու՞մը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։ Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 80 տնտեսավարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։
Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության։ Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում»,-գրել է նա: