Մանկապարտեզներում, ցավոք, քիչ չեն երեխաների իրավունքների ոտնահարման, երբեմն նաև նրանց նկատմամբ բռնության դեպքերը: Օրերս պարզվեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից խոստացված տեսախցիկները մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում՝ թվով չորսում արդեն տեղադրվել են:
Այս ամենի հիմքում, ինչպես հայտարարվում է, Երևանի մանկապարտեզներում սաների համար ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ ստեղծելն է, որպեսզի ծնողներն էլ լինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։ Մայրաքաղաքի թիվ մեկ կառույցը խոստանում է՝ տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր։
Սակայն, ո՞վ է ունենալու այդ տեսախցիկներին հասանելիություն, արդյո՞ք ծնողները կկարողանան դիտել կենդանի ռեժիմով այն, ինչ կատարվում է կրթօջախում այն ժամերին, երբ իրենց երեխան է այնտեղ․ այս հարցերը MediaHub–ը ուղղեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանին։
Հարցին, թե արդյո՞ք ծնողները կունենան հասանելիություն մանկապարտեզներում տեղադրված տեսախցիկներին, Խաչատրյանը պատասխանեց․
«Ոչ, ծնողները հասանելիություն չեն ունենալու։ Հասանելիություն ունենալու է այն անձը, այն պաշտոնյան, ով ունի վերահսկողական գործառույթ, այսինքն, չի լինելու մեկը, ով ունի իրավունք կամ լիազորություն կենդանի ռեժիմում մուտք գործելու մանկապարտեզ, ներկա լինելու պարապմունքներին, պայմանական ասած՝ խոհանոց մուտք գործելու հասանելիություն: Բնականաբար, նման բան չի լինելու»։
Ո՞վ է լինելու պատասխանատուն. ըստ Խաչատրյանի՝ վերահսկողական գործառույթ ունեցող անձն ու պաշտոնյան։
«Այս պահին քանի որ ընդամենը 4 մանկապարտեզում են տեղադրված տեսախցիկները, մոնիթորինգ ենք անում, ես զերծ կմնամ ասելու, թե կոնկրետ ո՞ւմ է հասանելի: Այս պահին կարող եմ ասել, որ հասանելի է քաղաքապետարանի մեկ կետում, իսկ թե կոնկրետ ո՞վ է իրականացնում այդ գործառույթը, այս պահին զերծ կմնամ»,– ասաց նա։
Մեր ճշտող հարցին, թե եթե Երևանի բոլոր մանկապարտեզներում տեսախցիկները տեղադրվեն, ապա դարձյա՞լ քաղաքապետարանից են վերահսկելու գործընթացը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «իհարկե»։
Հարց է առաջանում. եթե ծնողը հասանելիություն չի ունենալու տեսաձայնագրությանը, ապա, երբ, օրինակ, երեխայի վրա կապտուկներ լինեն, ու ծնողը դիմի պարզելու, թե ի՞նչ է կատարվել, այդ դեպքո՞ւմ էլ ծնողին չի տրամադրվելու տեսագրությունը, պաշտոնյան արձագանքեց՝ ոչ․ «Չեմ ուզում շտապել ու կանխակալ եզրահանգումներ անել, բայց եթե ծնողը մեր վերահսկողական գործառույթի իրականացնելուց հետո շարունակում է կարծել, որ, պայմանական ասած, մենք ամենը հերքում ենք, իսկ ծնողը շարունակում է պնդել, որ դեպքը տեղի ունեցել, ենթադրում եմ, որ եթե գործ հարուցվի, ապա գործի շրջանակում որևէ մեկը չի կարող չտրամադրել հասանելի տեղեկատվություն: Բայց ուղղակի գրության մակարդակում, պահանջի մակարդակում չի տրվելու, դա միանշանակ է»։
Ապա ավելացրեց, որ որևէ մեծահասակի հնարավորություն չեն տրամադրելու դիտելու մյուս երեխաներին, քանզի դրա իրավունքն ուղղակի չունեն։
Տեղի ունեցածի մանրամասները ստանալու համար ծնողը, փաստացի, պետք է դիմի Ոստիկանությո՞ւն. «Այո, իհարկե։ Հիմա էլ, եթե նման բան պատահի, պետք է դիմեն Ոստիկանություն»։
Ինչ վերաբերում է հարցին, թե քանի տեսախցիկ է դեռ տեղադրվելու Երևանի մանկապարտեզներում, արդյո՞ք մինչ տարվա վերջ բոլոր մանկապարտեզները կհագեցվեն տեսախցիկներով, վարչության պետը նշեց, որ գործող պայմանագրով՝ մյուս խմբաքանակը շուտով կմեկնարկվի, պլանավորում են մինչև 50 մանկապարտեզներում տեղադրել տեսախցիկներ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 162 մանկապարտեզ:
Մարիաննա Արամյան