Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում նշված ցուցանիշների գերազանցում չի արձանագրվել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը նույնպես չի գերազանցել թույլատրելի սահմանաչափը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում օդի աղտոտվածության նվազեցման նպատակով մի շարք միջոցառումներ է նախաձեռնել։ Շինհրապարակներում պարտադիր է դարձել օդի որակի չափիչ սարքերի, փոշեկլանիչ ցանցերի և բարձր ռիսկայնության որոշ օբյեկտներում ջրցան սարքավորումների տեղադրումը։
Մշակվել է նաև օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որը նախատեսում է վնասակար արտանետումների նվազեցում, կանաչ տարածքների ընդլայնում և վերահսկողության համակարգի կատարելագործում:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նախկինում զգուշացրել էր, որ օդի բարձր աղտոտվածությունը կարող է առաջացնել շնչառական դժվարություններ, սրտանոթային խնդիրների սրացում, աչքերի գրգռվածություն և գլխացավեր։
Նախարարությունը խորհուրդ է տվել աղտոտվածության բարձր մակարդակի դեպքում մնալ փակ տարածքներում, փակ պահել դռներն ու պատուհանները, կրել N95 պաշտպանիչ դիմակ, սահմանափակել բացօթյա ֆիզիկական ակտիվությունը և հետևել օդի որակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։
Առավել խոցելի են երեխաները, տարեցները, հղի կանայք, ինչպես նաև շնչառական և սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք։


