«Մոսկվա» կինոթատրոնն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը
«Մոսկվա» կինոթատրոնը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերայի ընթացքում ինքնաձիգներով պարային բեմադրության վերաբերյալ։
Կինոթատրոնի ղեկավարությունը հայտնել է, որ չի մասնակցել երաժշտական և պարային բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։ Բեմադրության բովանդակության և օգտագործված պարագաների պատասխանատվությունը կրել են միջոցառման կազմակերպիչները։
Կինոթատրոնը նաև նշել է, որ իր տարածքը վարձակալության պայմանագրով տրամադրել է ֆիլմն արտադրած «Գենետիկ Փրոդաքշն» ընկերությանը։
Վարչապետի դիտարկումներից հետո կինոթատրոնի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում «նման դեպքերում ավելի հետևողական լինել»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կոշտ քննադատել էր նոյեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի տանիքին ինքնաձիգներով պարային բեմադրությունը։
«Ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել։ … Էդ ովքե՞ր են էդ մարդիկ, որ «Մոսկվա» կինոթատրոնի կռիշների վրա ավտոմատներով պարում են, իրենց ո՞վ էր թույլ տվել»,- ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ Հայաստանի ազգային հերոս Ավոյին՝ Մ․ Մելքոնյանին նվիրված ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել էր նրա ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին։


