Երևանում կասկածելի ջուրը 15-ից ավել մեքենաների վթարի պատճառ է դարձել․ ինչ է հայտնի այս պահին
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզից դեպի Երևան՝ Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ տանող ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։
Տեղում պարզվել է, որ ճանապարհին ջրի պատճառով առաջացած մերկասառույցը դարձել է մոտ 15 ավտոմեքենաների վթարի պատճառ, սակայն վարորդների մեծ մասը, չսպասելով պարեկների ժամանմանը, իրար հետ հայտարարի են եկել ու ավտոմեքենաները ավտոքարշակներով տեղափոխել։
Նշված վայրում պարեկները մի քանի վթարված ավտոմեքենաներ են հայտնաբերել, որոնցով փաստաթղթեր են կազմվել։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«10 օրից ավելի է՝ էս ճանապարհին էս վիճակն է։ Չգիտենք, կոյուղաջուր է, խմելու ջուր է, թե ինչ ջուր, բայց որ 10 օր է ջուրը դուրս է գալիս ու էս վիճակն է, կարծես թե քաղաքային իշխանություններին չի մտահոգում, որպեսզի վթարը վերացնեն, ու դրա պատճառով էլ անընդհատ ավարիաներ են լինում։ Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, մնացել է օդում կախված, ինչպես որ օդում կախված են մնացել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բազմաթիվ խոստումներ։ Ու այդ խոստումներից մեկն էլ այն էր, որ քաղաքային իշխանություններն ու վարչական շրջանների ղեկավարները ամեն ինչ անելու են, որ երևանցիներն իրենց մաշկի վրա զգան լավը։ Բայց էս դեպքում ոչ թե լավը, այլ վատագույնից վատագույնն ենք տեսնում, քանի որ 21-րդ դարում նման անպատասխանատու աշխատանք, որ կատարվում է քաղաքային իշխանությունների կողմից, կարելի է մեկ բան ասել. պարոն քաղաքապետ, պարոն թաղապետեր, իսկը ձեզ է վերաբերում «Աշխարհ, կանգնիր, իջնող կա» արտահայտությունը։


