Սահմանադրության նոր նախագծի տեքստը քաղաքացիներին հասանելի է հատուկ այդ նպատակով ստեղծված պաշտոնական կայքում։ Քաղաքացիներին հորդորում են նախագիծն ուսումնասիրել միայն պաշտոնական հարթակից՝ զգուշանալով այլ կայքերում հրապարակվող համեմատություններից, որոնք կարող են սխալ պատկերացում ձևավորել նախագծի բովանդակության վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են ոչ պաշտոնական կայքեր, որտեղ փորձ է արվում Սահմանադրության նոր նախագիծը համադրել գործող Սահմանադրության հետ։
Նրա խոսքով՝ այդ համեմատություններն իրականացվում են նաև արհեստական բանականության գործիքների կիրառմամբ, ինչի հետևանքով համադրվում են միմյանց չհամապատասխանող դրույթներ։ Արդյունքում քաղաքացիները կարող են ստանալ իրականությանը չհամապատասխանող կամ խեղաթյուրված պատկերացում։


