Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով անսպասելի շրջադարձ․ մեղադրյալները փոխում են ցուցմունքները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատարանում ցուցմունք փոխելը քրեական գործերով հին պաշտպանական մեթոդ է, բայց ոչ միշտ արդարացված։ Եթե հրաժարվում են նախկին ցուցմունքներից, պետք է նաև ապացույցներ բերեն. ինչ ճնշումներ են եղել. հայտարարությունները բավարար չեն:
«Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նոյեմբերի 25-ի նիստում մեղադրյալ Նարեկ Օհանյանը փոխեց իր ցուցմունքում նշած ոստիկանապետի անունը, իսկ մյուս մեղադրյալը՝ Գևորգ Հարությունյանը, հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր բոլոր ցուցմունքներից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Օհանյանը պատմել էր, որ Էջմիածնի ոստիկանության բաժնում իրեն «դու ես» ասել է Արամ Հովհաննիսյանը։
«Ասում եմ՝ չէ՛, ես չեմ։ Նորից ասում է՝ չէ՛, դու ես։ Կրկնում եմ՝ ես չեմ»,– պատմել էր նա։
Նոյեմբերի 25-ին Օհանյանն ուղղեց իր խոսքը․ «Շփոթվել եմ, Արամ Հովհաննիսյանը չէր, Արամ Ղազարյանն էր»։ Անշուշտ, անլուրջ է:
Գևորգ Հարությունյանն ավելի վաղ դատարանում ասել էր՝ «Սաղ ես եմ արել»։ Նոյեմբերի 12-ին նա արդեն պնդում էր, որ սպանությունն իր վրա է վերցրել ընտանիքի անվտանգության համար և այդ պահանջը վերագրում էր Վարդան Վարդանյանին․ «Եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել»։ Նոյեմբերի 25-ին Հարությունյանը հայտարարեց․ «Ես հրաժարվում եմ նախաքննական փուլում իմ տված բոլոր ցուցմունքներից»։ Նրա պնդմամբ՝ դրանք «անգիր արած տեքստեր էին»։
Դատարանում ցուցմունք փոխելն, իհարկե, հին պաշտպանական մեթոդ է։ Բայց երբ մի մեղադրյալ փոխում է իր հիշատակած պաշտոնյայի անունը, իսկ մյուսը «Սաղ ես եմ արել»-ից հասնում է «անգիր արած տեքստեր էին»-ին, հարց է առաջանում՝ ինչո՞վ են հիմնավորվում նրանց նոր պնդումները։ Փաստաբանները, որ հուշել են պաշտպանվել այս մեթոդով, նաև պետք է ապացույցների մասը հոգային:
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավանում սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Արծրուն Գալստյանը վիրավորվել էր և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Ու որքան էլ խոսվի այս ծանր սպանությունների կատարողների մասին, սպանվածի հարազատները շարունակում են պնդումները, որ սիրված համայնքապետի սպանությունն ունի պատվիրատու (ներ), որոնք քննության շրջանակներից դուրս են մնացել։ Իսկ պատվիրատուների մասին հիշատակելիս անհնար է քաղաքական մասը շրջանցել։
Հիշեցնենք, որ Ախտոյանների և Գրիգորյանների լարվածության մասին բազմիցս է գրվել, ուստի այդ հանգամանքը չի կարող շրջանցվել, անգամ եթե Ախտոյան եղբայրներից մեկին՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին, իշխող ՔՊ-ն հեռացրել է կուսակցությունից։
Ուստի սպանության այս գործով մեղադրյալները եթե հրաժարվում են իրենց վերագրված արարքներից, պետք է նաև հնչեցնեն պատվիրատուների անունները»:


