Մոսկվայից կոշտ զգուշացում․ իրավիճակը սրվում է՝ բաց պատերազմի վտանգ կա
Ռուսաստանն ու Էստոնիան բաց ռազմական հակամարտության եզրին են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Մոսկվայում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Յուխտեգիին գերատեսչություն կանչելուց հետո։
Ռուսական կողմը խիստ բողոք է հայտնել Տալլինին՝ դեկտեմբերի 1-ից ռուս-էստոնական սահմանին գործող բոլոր հինգ անցակետերը փակելու որոշման կապակցությամբ։ Մոսկվան այդ քայլը որակել է որպես Էստոնիայի իշխանությունների հերթական անբարյացակամ գործողություն։
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Էստոնիան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային՝ գաղտնի տրամադրելով իր օդային տարածքը ուկրաինական անօդաչու թռչող սարքերին՝ Ռուսաստանի հյուսիսարևմտյան շրջաններին հարվածներ հասցնելու համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմը բազմիցս արձանագրել է նման միջադեպեր։
Մոսկվայի մտահոգության մեկ այլ պատճառ են Բալթիկ ծովում Տալլինի գործողությունները։ ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ՝ Էստոնիան փորձում է խոչընդոտել ռուսական բեռնատար նավերի տեղաշարժը՝ փաստացի ձգտելով Ռուսաստանի նկատմամբ ռազմածովային շրջափակում հաստատել։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև մեղադրել է Էստոնիայի իշխանություններին ռուսախոս բնակչության նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մեջ։ Ըստ նախարարության՝ երկրում ընդլայնվում են ռուսերենի կիրառման սահմանափակումները, իսկ ռուսական մշակույթի հետ կապերը պահպանելու կողմնակից քաղաքացիները ենթարկվում են քրեական հետապնդումների և արտաքսումների։
Մոսկվան զգուշացրել է, որ Տալլինի գործողությունները սադրիչ և չափազանց վտանգավոր բնույթ են կրում ու կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման՝ ընդհուպ մինչև բաց ռազմական հակամարտություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել էր Ռուսաստանի հետ սահմանային բոլոր հինգ անցակետերն առնվազն վեց ամսով փակելու մտադրության մասին։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից և կտարածվեն ինչպես տրանսպորտային միջոցների, այնպես էլ հետիոտների վրա։
Որոշումը կայացվել է անվտանգության իրավիճակի սրման ֆոնին՝ Տալլինի մերձակայքում գտնվող Վիիմսի քաղաքում անօդաչու թռչող սարքեր արտադրող «Threod Systems» գործարանը հրկիզելու փորձից հետո։
Էստոնիայի որոշումից հետո Լատվիան ևս սկսել է քննարկել Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը։ Վարչապետ Անդրիս Կուլբերգսը հանձնարարել է արտաքին գործերի և տրանսպորտի նախարարություններին մինչև հաջորդ շաբաթ գնահատել նման որոշման հնարավոր հետևանքները, մասնավորապես՝ տարանցիկ փոխադրումների և քաղաքացիների տեղաշարժի վրա դրա ազդեցությունը։


