Գիշերը՝ ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա․ մի շարք դպրոցներում դասերը չեղարկվել են
Նոյեմբերի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ ուժերը Ռուսաստանի տարածաշրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 305 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Ուլյանովսկի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի երկնքում։
Մինչ այդ Սմոլենսկի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել էր տարածաշրջանի վրա զանգվածային հարձակման մասին․ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 145 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Տարածաշրջանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Նահանգապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակումից հետո «առանձին տարածքներում» էլեկտրամատակարարման ընդհատումների մասին։ Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են անօդաչուների հարվածների վայրերում։ Մարզի ղեկավարը բնակիչներին կոչ է արել «համբերությամբ զինվել»։
Ավելի վաղ Պենզայի մարզում անօդաչու թռչող սարքեր էին ոչնչացվել։ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումից հետո Սամարայի Կույբիշևյան շրջանի մի քանի դպրոցներում և մանկապարտեզներում չեղարկվել են դասերը։
Սամարայի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել զգոն լինել, կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց, պահպանել հանգստությունը և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։


