Իրանը զգուշացնում է․ կհարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը կհարվածի Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում, եթե դրանք օգտագործվեն իր դեմ հարձակման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբբաս Մոքթադային, փոխանցում է Nameh News-ը։
Մոքթադայիի խոսքով՝ եվրոպական երկրները նախկինում հայտարարել էին, որ մտադիր չեն աջակցել Իրանի դեմ ԱՄՆ գործողություններին։ Սակայն հետագայում Վաշինգտոնը որոշ եվրոպական պետությունների հետ բանակցություններ է սկսել նրանց տարածքներն ու ռազմական բազաներն օգտագործելու վերաբերյալ։
«Մենք նախապես զգուշացրել ենք, որ եթե ամերիկացիները թշնամական գործողություններ ձեռնարկեն և օգտագործեն աշխարհի ցանկացած կետում գտնվող իրենց բազաները, ապա մեզ համար այլևս աշխարհագրական սահմանափակումներ չեն լինի», – հայտարարել է խորհրդարանականը։
Նա ընդգծել է, որ Թեհրանը տարբերություն չի դնի Մերձավոր Արևելքում և Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների միջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանը ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան երբևէ վերջին մեկ տարվա ընթացքում։


