Որքա՞ն կանխիկ գումար կարող եք բերել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, և ի՞նչ է սպառնում թույլատրվածից ավելի գումար չհայտարարագրելու դեպքում
Ամանորյա տոներին արտերկրից վերադառնում եք Հայաստան և ձեզ հետ կանխիկ գումար եք բերում։ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ժամանելիս կամ Հայաստանից այդպիսի երկիր մեկնելիս, այսինքն՝ ԵԱՏՄ մաքսային սահմանը հատելիս, միանվագ կարող եք ներմուծել կամ արտահանել մինչև 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկ դրամական միջոցներ և (կամ) ճանապարհային չեկեր՝ առանց հայտարարագրման։ Եթե գումարը գերազանցում է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք չափը, ամբողջ գումարը պետք է գրավոր հայտարարագրեք ուղևորային մաքսային հայտարարագրով, հակառակ դեպքում կարող է նշանակվել տուգանք, իսկ գումարի չափից կախված՝ առաջանալ քրեական պատասխանատվություն։Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, «Մաքսային կարգավորման մասին» օրենքով և Քրեական օրենսգրքով, իսկ հայտարարագրման կանոնները ՊԵԿ-ը ներկայացրել է իր պաշտոնական տեղեկանքում։Ե՞րբ է պետք հայտարարագրել
ՊԵԿ-ի տեղեկանքի համաձայն՝ ուղևորային մաքսային հայտարարագրով պետք է հայտարարագրել՝
- կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, եթե դրանց ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագիրը ներկայացնելու օրվա փոխարժեքով 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը,
- դրամական գործիքները (մուրհակներ, չեկեր, ներկայացնողին պատկանող արժեթղթեր)՝ անկախ գումարից, բացառությամբ ճանապարհային չեկերի,
- 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ գումարի և դրամական գործիքների դեպքում պետք է ներկայացնել նաև դրանց ծագումը հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ բանկային հաշվից գումար հանելու, արտարժույթի փոխանակման, վարկ ստանալու, ժառանգություն կամ նվիրատվություն ստանալու փաստաթղթեր։Ի՞նչ է սպառնում չհայտարարագրելու դեպքում
Պատասխանատվությունը որոշելիս չհայտարարագրված գումարից հանվում է առանց հայտարարագրման թույլատրված 10 000 դոլարը.
- եթե մնացած գումարը չի գերազանցում 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը (այսինքն՝ ընդհանուր գումարը 10 000-ից 30 000 դոլար է), նշանակվում է տուգանք՝ ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի 10 տոկոսի չափով,
- եթե մնացած գումարը գերազանցում է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, արարքը համարվում է խոշոր չափերով կատարված մաքսանենգություն, և առաջանում է քրեական պատասխանատվություն. պատիժը կարող է լինել տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում կամ մինչև 3 տարի ազատազրկում,
- եթե մնացած գումարը գերազանցում է 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը (ընդհանուր գումարը՝ 60 000 դոլարից ավելի), արարքը համարվում է առանձնապես խոշոր չափերով կատարված և պատժվում է 2-ից 5 տարի ազատազրկմամբ։
Օրինակ՝ եթե չհայտարարագրած 35 000 դոլար եք տեղափոխում, պատասխանատվությունը որոշելիս հաշվի է առնվում 25 000 դոլարը, որը գերազանցում է 20 000-ը։
Պատասխանատվություն առաջանում է նաև, եթե գումարը տեղափոխվում է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, դրա մասին հավաստի տեղեկությունը չի հայտարարագրվում կամ հայտարարագրվում է ոչ իր անվամբ, խախտվում են տեղափոխման կանոնները, կամ մաքսային կամ այլ փաստաթուղթն օգտագործվում է խաբեությամբ։
Ամփոփում
Ամփոփելով՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ժամանելիս կամ այդպիսի երկիր մեկնելիս մինչև 10 000 դոլարին համարժեք կանխիկ գումար և ճանապարհային չեկեր կարող եք տեղափոխել առանց հայտարարագրման, դրանից ավելի գումար տեղափոխելիս ամբողջ գումարը պետք է հայտարարագրել, իսկ չհայտարարագրելու դեպքում կարող է նշանակվել տուգանք կամ առաջանալ քրեական պատասխանատվություն, տեղեկացնում է Iravaban.net-ը։


