2027 թվականի հունվարի 1-ից ի՞նչ փոխհատուցում կստանան սեփականատերերը, եթե կադաստրային վերանայման արդյունքում հողամասը փոքրանա
Կառավարությունն առաջարկում է սահմանել այն դեպքերի կարգը, երբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսը նվազում է, և սեփականատերը պետք է փոխհատուցում ստանա համայնքային բյուջեից։
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 34.2-րդ հոդվածով, որով նախատեսված է փաստացի օգտագործման հիմքով կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների գրանցման վերանայման մեխանիզմը։ Սակայն մինչ այժմ բացակայում էր այդ փոխհատուցումների տրամադրման ընթացակարգը։Նախագիծն ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և ՏԿԵ նախարարության կողմից մշակված՝ «Փաստացի օգտագործման հիմքով կադաստրային թաղամասում ընդգրկված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսի նվազման դեպքում փոխհատուցում տրամադրելու կարգն ու առանձնահատկությունները սահմանելու մասին» նախագիծը։
Ի՞նչ է նախատեսում օրենքը
Օրենքի 34.2-րդ հոդվածի համաձայն՝ կադաստրային թաղամասում անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում կարող են առաջանալ հողամասի մակերեսի ավելացման կամ նվազման դեպքեր։
Եթե վերանայման արդյունքում հողամասի մակերեսը նվազում է, սեփականատերը համայնքի կողմից ստանում է դրամական փոխհատուցում՝ նվազած հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով։
Այսինքն՝ փոխհատուցման չափը որոշվում է ոչ թե կամայականորեն, այլ նվազած մակերեսի կադաստրային արժեքի հիման վրա։
Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր կարգավորումը
Թեև օրենքով արդեն իսկ ամրագրված է մակերեսի նվազման դեպքում փոխհատուցում ստանալու իրավունքը, Կառավարությունը դեռ չէր սահմանել դրա տրամադրման ընթացակարգն ու առանձնահատկությունները։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այդ բացը խոչընդոտում է օրենքի համապատասխան դրույթի լիարժեք կիրառմանը և սեփականատերերի իրավունքների պաշտպանությանը։
Նոր որոշմամբ նախատեսվում է լրացնել այդ բացը՝ սահմանելով փոխհատուցումների տրամադրման կարգը։
Ի՞նչ կլինի, եթե հողամասի մակերեսը մեծանա
Օրենքը կարգավորում է նաև հակառակ իրավիճակը։
Եթե իրավունքների պետական գրանցման վերանայման արդյունքում հողամասի մակերեսը մեծանում է, սեփականության իրավունքը գրանցվում է համապատասխան պայմանով։
Մասնավորապես, հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում՝ անկախ այն հանգամանքից՝ գույքը ձեռք է բերվում հատուցմամբ, թե անհատույց, նոր սեփականատերը պարտավոր է համայնքային բյուջե վճարել հողամասի ավելացված մակերեսի՝ վճարման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։
Այսպիսով՝ օրենքը նախատեսում է երկու հակադիր իրավիճակների ֆինանսական կարգավորում. մակերեսի նվազման դեպքում համայնքը փոխհատուցում է սեփականատիրոջը, իսկ մակերեսի ավելացման դեպքում սեփականատիրոջ փոփոխության պարագայում համայնքային բյուջե վճարում է կատարվում։
Ի՞նչ ազդեցություն կունենա համայնքային բյուջեների վրա
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։
Փոխարենը կավելանան այն համայնքների բյուջեների ծախսերը, որոնց տարածքում գրանցումների վերանայման արդյունքում հողամասերի մակերեսները կնվազեն և սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտություն կառաջանա։
Միևնույն ժամանակ, նախագծի հիմնավորման համաձայն՝ համայնքների լրացուցիչ ծախսերի չափն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել։ Այն կախված է վերանայման արդյունքներից, հողամասերի մակերեսների նվազման չափից և դրանց կադաստրային արժեքից։
Նախագծի հեղինակները նաև նշում են, որ որոշակի ժամանակահատվածում համայնքային բյուջեների ծախսերն ու եկամուտները կարող են հավասարակշռվել՝ հաշվի առնելով ինչպես հողամասերի մակերեսների նվազման, այնպես էլ մեծացման դեպքերը։


