Ընտանիքի անդամ անձնական օգնականին՝ 750, մյուսներին՝ 2000 դրամ․ առաջարկվում է փոխել ժամավճարը
Անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա դիմաց ընտանիքի անդամ հանդիսացող անձանց կվճարվի 750 դրամ, իսկ ընտանիքի անդամ չհանդիսացողներին՝ 2000 դրամ։ Առաջարկվում է նաև հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձին ծառայություն ստանալ երկու անձնական օգնականից, ինչպես նաև ծառայությունից օգտվել Հայաստանից դուրս՝ տարեկան առավելագույնը 60 օր։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը և դրա հիմնավորումը։
Տարբերակված ժամավճար՝ կախված անձնական օգնականի կարգավիճակից
Նախագծով առաջարկվում է փոխել անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա դիմաց վճարման չափը՝ սահմանելով տարբերակված վարձատրություն։
Մասնավորապես՝
-
եթե անձնական օգնականը շահառուի ընտանիքի անդամ է, մեկ ժամվա դիմաց կվճարվի 750 դրամ,
-
եթե անձնական օգնականը ընտանիքի անդամ չէ, մեկ ժամվա դիմաց կվճարվի 2000 դրամ։
Նշված գումարները ներառելու են օրենքով սահմանված հարկերն ու պարտադիր վճարները։
Նախագծի իմաստով ընտանիքի անդամ են համարվելու շահառուի զավակները, ամուսինը, ծնողները և թոռները։
Հիմնավորման համաձայն՝ տարբերակված վարձատրության մեխանիզմը նախատեսվում է ներդնել՝ հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ ընտանիքի անդամներից բացի այլ անձանց ներգրավումը կարող է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներառմանը։
Եռակողմ պայմանագիր՝ նախկին երկու պայմանագրի փոխարեն
Գործող կարգավորմամբ անձնական օգնականի և շահառուի, ինչպես նաև անձնական օգնականի և Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) միջև կնքվում են առանձին պայմանագրեր։
Նախագծով առաջարկվում է անցում կատարել եռակողմ պայմանագրի՝ այն կնքելով անձնական օգնականի, շահառուի և ՄՍԾ-ի միջև։
Այսպիսով, ծառայության մատուցման և դրա դիմաց վճարման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն մեկ պայմանագրով, իսկ գործող կարգավորմամբ նախատեսված առանձին պայմանագիրը կճանաչվի ուժը կորցրած։
Ովքեր կկարողանան օգտվել անձնական օգնականի ծառայությունից
Գործող կարգավորմամբ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն հենաշարժական, տեսողության կամ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով պայմանավորված ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (մտավոր խնդիրներ ունեցող անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում), և սովորում կամ աշխատում են։
Ծառայությունից կարող են օգտվել նաև այն անձինք, որոնք գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում պարտադիր սկսելու են սովորել կամ աշխատել։
Սակայն նախարարության մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ աշխատելու կամ սովորելու վերաբերյալ հավաստիացման հիմքով կնքված պայմանագրերի շուրջ 99 տոկոսը հետագայում լուծարվել է, քանի որ շահառուները չեն սկսել աշխատել կամ սովորել։
Նախագծով առաջարկվում է վերացնել առաջիկա երեք ամսվա ընթացքում սովորելու կամ աշխատելու վերաբերյալ հավաստիացման հիմքով ծառայություն ստանալու հնարավորությունը։
Այսուհետ ծառայությունից կկարողանան օգտվել այն անձինք, որոնք դիմելու պահին արդեն իսկ սովորում կամ աշխատում են և ունեն անձնական օգնականի կարիք։
Միաժամանակ, աշխատող շահառուների համար նախատեսվում է լրացուցիչ պայման․ նրանց գործունեությունից ստացված եկամուտների նկատմամբ հաշվարկված հարկերի գումարը պետք է առնվազն հավասար լինի նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող եկամտային հարկի չափին՝ անկախ գործունեության տեսակից և կիրառվող հարկման համակարգից։
Անձնական օգնականի ծառայություն՝ նաև Հայաստանից դուրս
Նախագծով նախատեսվում է հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Այդ հնարավորությունը կգործի տարեկան առավելագույնը 60 օրացուցային օր ժամկետով՝ բուժման, հանգստի և այլ նպատակներով։
Հիմնավորման համաձայն՝ փոփոխության նպատակն է պահպանել անձնական օգնականի ծառայության գաղափարը և հաշմանդամություն ունեցող անձի շահը՝ ապահովելով անհրաժեշտ աջակցությունը նաև արտերկրում գտնվելու ժամանակ։
Ծառայությունից կկարողանան օգտվել երկու անձնական օգնականի աջակցությամբ
Գործող կարգավորմամբ մեկ շահառու կարող է անձնական օգնականի ծառայություն ստանալ միայն մեկ անձից։
Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ նույն շահառուին ծառայություն ստանալ երկու անձնական օգնականից։
Ընդ որում, ծառայության ընդհանուր ամսական ժամաքանակը չի ավելանալու․ այն պարզապես կբաշխվի երկու անձնական օգնականների միջև՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքներն ու ուսման կամ աշխատանքի գրաֆիկը։
Ըստ հիմնավորման՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ավելի ճկուն կազմակերպել ծառայությունը, հատկապես այն դեպքերում, երբ մեկ անձնական օգնականը չի կարող ապահովել շահառուի համար նախատեսված ամբողջ ժամաքանակը։
Կփոխվի ծառայության ժամերի բաշխման կարգը
Նախագծով առաջարկվում է վերանայել նաև անձնական օգնականի ծառայության ամսական ժամաքանակի բաշխման սկզբունքը։
Գործող կարգավորմամբ պայմանագրում սահմանվում են ծառայությունների ամսական ժամաքանակները և դրանց բաշխումն ըստ շաբաթվա օրերի։
Նախագծով առաջարկվում է ժամաքանակները բաշխել ըստ շաբաթների, իսկ ծառայության տեսակները՝ ըստ օրերի։ Շաբաթ և կիրակի օրերի համար անհրաժեշտ կլինի հստակ նշել ինչպես ծառայության տեսակը, այնպես էլ ժամաքանակը։
Այս փոփոխության նպատակն է ծառայության մատուցումը դարձնել առավել ճկուն՝ հաշվի առնելով, որ շահառուի կարիքները և առօրյա գրաֆիկը կարող են փոփոխվել։
Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում պայմանագիրը չի լուծվի
Գործող կարգավորմամբ շահառուի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում գործող պայմանագիրը լուծվում է, և նոր պայմանագիր է կնքվում՝ նոր աշխատանքի վայրի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելուց հետո։
Նախագծով առաջարկվում է նման դեպքերում պայմանագրի գործողությունը չընդհատել մեկամսյա ժամկետով՝ պայմանով, որ այդ ընթացքում շահառուն կներկայացնի աշխատանքի վայրի փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։
Այսպիսով, նախատեսվում է նվազեցնել լրացուցիչ վարչարարությունը և ապահովել ծառայության անընդհատությունը։
Շահառուն պարտավոր կլինի տեղեկացնել նաև աշխատանքի կամ ուսման դադարեցման մասին
Նախագծով հստակեցվում են շահառուի պարտականությունները։
Մասնավորապես՝ նա պարտավոր կլինի անձնական օգնականին և ՄՍԾ տարածքային կենտրոնին տեղեկացնել ոչ միայն անձնական օգնականի ծառայության կարիքի վերացման, այլև աշխատանքի կամ ուսման դադարեցման մասին։
Կփոխվի անձնական օգնականների վերապատրաստման կազմակերպումը
Գործող կարգավորմամբ անձնական օգնականների վերապատրաստման դասընթացները կազմակերպում և իրականացնում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը։ Սակայն այն լուծարվել է ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ։
Նախագծով առաջարկվում է վերանայել վերապատրաստման կազմակերպման կարգը։ Անձնական օգնականների թեկնածուների հաշվառումն ու վերապատրաստումն իրականացվելու է e-work.am առցանց հարթակի միջոցով՝ ըստ թեկնածուների դիմելու ամսաթվի և նախարարի սահմանած կարգի ու ժամանակացույցի։
Նախատեսվում է նաև հստակեցնել վերապատրաստումների ժամկետներն ու առաջնահերթությունները։
Մշտադիտարկմանը կներգրավվի նաև ՄՍԾ-ն
Ներկայումս անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախագծով առաջարկվում է մշտադիտարկման աշխատանքներում ներգրավել նաև Միասնական սոցիալական ծառայությանը, քանի որ այն անմիջականորեն մասնակցում է ծառայության կազմակերպման և տրամադրման գործընթացին։
Բացի այդ, առաջարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններին համապատասխան՝ «երաշխավորություն» եզրույթը փոխարինել «ցուցում» եզրույթով։
Ի՞նչ ֆինանսական միջոցներ կպահանջվեն
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։
Անձնական օգնականի ծառայության համար 2027 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 625 մլն 288 հազար 800 դրամ՝ 410 շահառուի հաշվարկով։
Ներկայացված հաշվարկը կատարվել է 403 շահառուի համար՝ 625 մլն 68 հազար դրամի չափով։
Հատկանշական է, որ ներկայումս գործող 314 պայմանագրերի շրջանակում անձնական օգնականների 95.5 տոկոսը շահառուի ընտանիքի անդամ է, իսկ 4.5 տոկոսը՝ ընտանիքի անդամ չէ։
Նախագծի ֆինանսական հաշվարկներում, սակայն, կանխատեսվել է, որ ընտանիքի անդամ չհանդիսացող անձնական օգնականների տեսակարար կշիռը կկազմի 25 տոկոս, իսկ ընտանիքի անդամներինը՝ 75 տոկոս։ Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է ընտանիքի անդամ չհանդիսացող անձնական օգնականների ժամավճարի բարձրացմամբ, ինչը կարող է մեծացնել ծառայության նկատմամբ հետաքրքրվածությունը և խթանել նոր անձանց ներգրավումը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել անձնական օգնականի ծառայության կազմակերպման գործընթացը, պարզեցնել վարչարարությունը և այն առավել հասանելի ու ճկուն դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Նշում․ նյութը պատրաստված է ներկայացված որոշման նախագծի և դրա հիմնավորման հիման վրա։ Առաջարկվող կարգավորումները դեռևս նախագծային են և չեն նշանակում, որ փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել։


