Սոցիալական փաթեթի փոխարեն՝ վարձատրության նոր մոտեցումներ․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը
Iravaban.net–ը ուսումնասիրել է Կառավարության քննարկմանը ներկայացված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը։
Նախագծերով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի ֆինանսավորումը։ Միաժամանակ նախատեսվում է, որ շահառուները 2027 թվականի հուլիսի 1-ից հետո կկարողանան առանց ժամկետային կամ այլ սահմանափակման տնօրինել իրենց հաշիվներում կուտակված գումարները։
Ինչո՞ւ է առաջարկվում դադարեցնել սոցիալական փաթեթի տրամադրումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ սոցիալական փաթեթը ներդրվել է 2012-2013 թվականներին, երբ պետական հատվածում աշխատավարձերը համեմատաբար ցածր էին, իսկ աշխատողներին լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տրամադրելու հնարավորությունները՝ սահմանափակ։ Այդ ժամանակ տարեկան 72 հազար դրամ սոցիալական փաթեթը լրացուցիչ արտոնություն էր և նպաստում էր պետական հատվածում աշխատանքի գրավչության բարձրացմանը։
Սակայն վերջին տարիներին պետական հատվածում ներդրվել են աշխատողների վարձատրության և մոտիվացման նոր մեխանիզմներ, այդ թվում՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում, ուժային կառույցներում ատեստավորման հիմքով հավելավճարներ, հանրային ծառայողների բազային աշխատավարձի բարձրացում և կատարողականի հիմքով խրախուսման համակարգ։
Բացի այդ, 2026 թվականի հունվարի 1-ից փուլային տարբերակով ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։
Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականից նախատեսվող հանրային ծառայության վարձատրության բարեփոխման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորումը գնահատվում է շուրջ 30 մլրդ դրամ, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է սոցիալական փաթեթի տարեկան ծախսը։
Նշվում է նաև, որ գործող սոցիալական փաթեթը հիմնված չէ շահառուների սոցիալական կամ եկամտային վիճակի վրա։ Միևնույն ժամանակ, հստակ չափորոշիչներ սահմանված չեն այն կազմակերպությունների ընտրության համար, որոնց աշխատողները կարող են օգտվել այդ արտոնությունից։ Արդյունքում՝ նույն ոլորտում աշխատող ոչ բոլոր պետական կազմակերպությունների աշխատակիցներն ունեն սոցիալական փաթեթի իրավունք։
Որպես խնդիրներ նշվում են նաև գումարների ծախսման սահմանափակ ուղղությունները, բանկերի հետ համագործակցության անհրաժեշտությունը, վարչարարական ծախսերը և վերահսկողության դժվարությունները, այդ թվում՝ զբոսաշրջային օպերատորների միջոցով գումարների կանխիկացման դեպքերը։
Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Նախագծերի փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել «Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովման միջոցառման ֆինանսավորումը։
Դադարեցումը վերաբերելու է ոչ միայն պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, այլև սոցիալական փաթեթի մյուս շահառուներին՝ այդ թվում դպրոցների, գրադարանների, թանգարանների, թատրոնների, համերգային կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և պետական այլ կազմակերպությունների աշխատողներին։
Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանված է սոցիալական փաթեթի իրավունքը։ Իսկ Կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված կարգը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2027 թվականի հուլիսի 1-ից հետո։
Ի՞նչ կլինի շահառուների հաշիվներում կուտակված գումարների հետ
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերում առկա է շուրջ 13 մլրդ դրամ։ Այդ գումարները սոցիալական փաթեթի շահառուներին հասանելիք և նրանց հաշիվներին արդեն փոխանցված միջոցներն են։
Առաջարկվում է, որ 2027 թվականի հուլիսի 1-ից հետո շահառուները կարողանան այդ գումարներն ազատորեն տնօրինել՝ առանց ժամկետային կամ այլ սահմանափակման։
Մինչև այդ օրը հաշիվներում առկա միջոցները պետք է օգտագործվեն գործող կարգով՝ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ


