Ընդդիմությանը առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով. վարչապետ
Ուղերձի տեքստը դեռ չեմ գրել։ Դեռ զարգացումներ կլինեն։ Ուղերձը կլինի այդ պահի ամենաարդիական տրամաբանության մեջ․ ես կփորձեմ այդպես անել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրությանը վերաբերող հարցին։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խոսակցությանը, որն այսօր ես Կառավարության նիստում ամբողջացրի՝ նոր Սահմանադրության նախագծի և Անկախության հռչակագրի առնչությունների հետ կապված։
Ես կարծում եմ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է․ համենայնդեպս, եթե իրենք այդ հարցին չպատասխանեն, չպատասխանելն էլ է պատասխան․ «Հայաստան» խմբակցությունը պետք է ասի՝ Միացյալ Հայաստանի տեսլակա՞նն է ինքը հետապնդում, թե՞ չէ։ «Ուժեղ Հայաստանն» էլ պետք է ասի, որովհետև իրենց կրծքանշաններն էլ են որոշակի ուղղություններով․ Միասնական Հայաստանի տեսլականը կիսո՞ւմ են, թե՞ չէ, և Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի տեսլականը կիսո՞ւմ են, թե՞ չէ, և ընդհանրապես, Ադրբեջանի հայ փախստականների վերադարձի տեսլականը կիսո՞ւմ են, թե՞ չէ: Որովհետև սա ունի կոնկրետ քաղաքական հետևանքներ, որովհետև այս հարցի պատասխանից է ի վերջո կախված այն, թե իրենց՝ պատերազմի կուսակցության բնորոշումն ինչքանով է համապատասխանում իրականությանը, և իրենց քաղաքական դիրքորոշումները, այդ թվում՝ նոր Սահմանադրության հետ կապված, ինչքանով կապ ունեն այս քաղաքական տեսլականի հետ։
Հաջորդը. ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն առաջարկին, որ ես անում եմ ընդդիմությանը։ Ասում եմ՝ եկեք նոր Սահմանադրության տեքստը տանենք հանրաքվեի․ ժողովուրդը հանրաքվեով դեմ կքվեարկի, ես հրաժարական կտամ։
Երեկ ասում են՝ վստահելիություն չունեք դուք, հետո էլ ասում են, որ ուզում են ինձ հեռացնել։ Ասում եմ՝ շատ լավ, ժողովուրդը հանրաքվեին «ոչ» կասի, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից և կհեռանամ և չեմ հավակնի վարչապետի պաշտոնին՝ գոնե այդ շրջափուլում և ընդհանրապես։ Սերժ Սարգսյանի այդ արտահայտությունն է, չէ՞, եղել հեղափոխության պատճառը․ եթե ասեմ ու չանեմ՝ հեղափոխություն կլինի։
Խաղի կանոնները շատ պարզ են․ գնում ենք հանրաքվեի, ժողովուրդն ասում է՝ «ոչ», ես հրաժարական եմ տալիս։ Բայց սրանով չի ավարտվում առաջարկությունը․ ժողովուրդն ասում է՝ «այո», ես իրականացնում եմ, մինչև վերջ տանում եմ խաղաղության օրակարգը և բոլոր դեպքերում հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու։ Այսինքն՝ ես ընդդիմությանն առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով։ Հիմա կերևա՝ իրենք ինձ հեռացնելու քաղաքական օրակարգ ունե՞ն, թե՞ չունեն, թե՞ ձևեր են թափում։
Ուղիղ ասում եմ․ սպառնալիք կդիտարկվի՞, թե՞ չի դիտարկվի, եթե իրենք ինձ չհեռացրին, ես իրենց հեռացնելու եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վարչապետը նշեց․ «Նախագծում, որը կհրապարակվի, նախատեսվում է, որ ԲԴԽ-ում ընդդիմությունը կունենա քվոտա, անկախ մարմիններում ընդդիմությունը կունենա քվոտա»։


