Տնօրենների ատեստավորումը կամավոր չի լինելու․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է
Դպրոցների տնօրենների և վարչական կազմի համար նախատեսվում է պարտադիր ատեստավորում։ Ատեստավորման հիմքում կդրվեն ուսումնական հաստատությունների կատարողական ցուցանիշները։
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է կամավոր ատեստավորում անցկացնել դպրոցների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների և նախարարության ենթակայությամբ գործող այլ ՊՈԱԿ-ների տնօրենների համար։
«Տնօրենների համար ատեստավորում լինելու է, բայց այն չի կրելու կամավոր բնույթ։ Առանցքային է, որ դպրոցի կառավարման համար պատասխանատու անձնակազմը, այս պարագայում՝ տնօրենը և ադմինիստրատիվ կազմը, նույնպես ատեստավորվեն, և այդ ատեստավորման համար հիմք ծառայեն դպրոցի կատարողական ցուցանիշները։Նպատակն է, որ տնօրեններն ավելի կենտրոնացած լինեն ուսումնական հաստատությունների ցուցանիշների որակի և դրա արդյունքում ձևավորվող միջավայրի վրա և կարողանան պատասխանատվություն կրել արդյունքների համար։ Եվ երբ արդյունքները կլինեն բավարար, վարձատրությունը նույնպես էապես կբարձրանա»,- նշել է նախարարը։


