«Դու գողի աբսլուգ ես, արջ քորող ես, ավելի վատն ես». Փաշինյանը չէր կարողանում հանդարտվել
Սահմանադրությունը ներքին օրակարգ է, բայց ցանկացած երկրի Սահմանադրությունը նաև դիրքավորում է տվյալ երկիրը։ Դրա մասին նոյեմբերի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ ինքը մի քանի անգամ փոխել է իր քաղաքական դիրքորոշումը, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։
Փաշինյանը կրկնել է, որ գործող Սահմանադրությունը սպասարկում է հակամարտության տրամաբանությունը և ունի լեգիտիմության խնդիր։
«Ես շատ բան եմ ասել, հավատացել եմ դրան և գնացել եմ դրա հետևից, այդ թվում՝ 2020 թվականին և դրանից առաջ, այդ թվում՝ մենք ոչինչ չենք խնայել Ղարաբաղի համար։ Բայց ես ղարաբաղյան շարժումը չեմ օգտագործել Երևանի կենտրոնում շինարարություն անելու կամ միլիոնատեր դառնալու համար»,- բարձր տոնով հայտարարել է նա։
Դրանից հետո Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին մեղադրել է գողության մեջ։ «Ես զինվորի հացը չեմ գողացել ու տվել գեներալ Մանվելի արջերին։ Դու գողի աբսլուգ ես, արջ քորող ես, ավելի վատն ես։ Մի՞թե գաղտնիք է, որ Մեսրոպ Մանուկյանը Մանվել Գրիգորյանի սպասարկուն է եղել։ Կոռուպցիայի մասին խոսելիս ձեզ նայեք։
Եթե Հայաստանում ժողովրդավարություն չլիներ, այդ դեպքում դուք այստեղ ի՞նչ գործ կունենայիք»,- հայտարարել է Փաշինյանը։


