Եթե 2024 թ.-ին վճարել եք ձեր կամ ընտանիքի անդամի ուսման, երաժշտական կամ սպորտային դպրոցի, ատամնաբուժական ծառայությունների կամ առողջության ապահովագրության համար, պետությունը կարող է այդ ծախսերը փոխհատուցել տարեկան մինչև 100 000 դրամի չափով։ Պայմանը՝ 2024 թ.-ի հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացված լինի 2025 կամ 2026 թ.-ին։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, կանոնը սահմանված է Կառավարության 2023 թ.-ի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում (լրացվել է 2025 և 2026 թթ.-ին)։
Ո՞ր ծախսերն են փոխհատուցվում
- Կրթություն՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության վարձ, երաժշտական, արվեստի, պարի և սպորտային դպրոցների, արտադպրոցական կենտրոնների վճարներ, դասագրքերի վարձավճար (մինչև 3 000 դրամ՝ մեկ աշակերտի համար)։
- Առողջապահություն՝ Հայաստանում ստացված ատամնաբուժական ծառայություններ և առողջության ապահովագրության վճարներ՝ տարեկան մինչև 50 000 դրամ։
Կրթության գծով ծախսերը փոխհատուցվում են տարեկան մինչև 100 000 դրամ, իսկ բոլոր ուղղություններով միասին՝ նույնպես առավելագույնը 100 000 դրամ։
Ո՞ւմ համար վճարված ծախսերը
Ձեր, ամուսնու, ծնողների և երեխաների (այդ թվում՝ որդեգրված)։ Ծախսը պետք է վճարած լինեք դուք՝ անկանխիկ (բացի դասագրքերի վարձավճարից), իսկ փաստաթղթում պետք է նշված լինի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։
Ո՞վ կարող է օգտվել
2024 թ.-ի համար իրավունքն ունեն այն անձինք, ովքեր պարտավոր էին ներկայացնել հայտարարագիր՝ մասնավորապես վարձու աշխատողները և քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ ստացածները։ Փոխհատուցումը կատարվում է ձեր հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ գործատուի պահած) եկամտային հարկի գումարից (Հարկային օրենսգիրք, հոդված 158, մաս 3)։ Հայտարարագիրը պետք է վավերացված լինի էլեկտրոնային ստորագրությամբ։
Իսկ եթե 2024 թ.-ի հայտարարագիրը ժամանակին չե՞ք ներկայացրել
Եթե 2024 թ.-ի նախալրացված հայտարարագիրը չէիք ներկայացրել մինչև 2025 թ.-ի նոյեմբերի 1-ը, այն համարվում է ներկայացված։ Այդ դեպքում կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ Ըստ ՊԵԿ պարզաբանման՝ դա փոխհատուցում ստանալու իրավունք է տալիս։
Կարևոր է ժամկետը. որոշման համաձայն՝ 2024 թ.-ի ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է միայն 2025 կամ 2026 թ.-ին ներկայացված հայտարարագրով։ Այսինքն՝ 2027 թ.-ին ներկայացված հայտարարագիրը 2024 թ.-ի ծախսերի համար այդ իրավունքը չի տա։
Ամփոփում
Ամփոփելով՝ 2024 թ.-ի ուսման, ատամնաբուժական և ապահովագրական ծախսերի համար տարեկան մինչև 100 000 դրամ փոխհատուցում ստանալու համար էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Թե ինչ է պարզաբանել ՊԵԿ-ը վերջնաժամկետից հետո փոխհատուցում ստանալու մասին, կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


