Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
«Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։
Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի արժեքից, պետհամարանիշի կրկնվող թվային կոմբինացիայից, սեփականատիրոջ սոցիալական դիրքից կամ հանրային կարգավիճակից՝ որևէ մեկին արտոնյալ վերաբերմունք կամ առավելություն չի վերապահվում։ Իսկ վարորդների նկատմամբ բռնությունը, սպառնալիքը կամ նվաստացուցիչ վերաբերմունքը ոչ միայն անթույլատրելի են, այլև դատապարտելի։
Ճանապարհին բոլորն ունեն հավասար իրավունքներ և պարտավորություններ»,- նշել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Երևանում՝ «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ, միջադեպ էր տեղի ունեցել թիվ 2 երթուղու տրոլեյբուսի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդների միջև։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը փակել էր տրոլեյբուսի ճանապարհը, ինչից հետո վիճաբանություն և քաշքշուկ էր սկսվել։ Միջադեպին միջամտել էին նաև ուղևորները։
Ավելի ուշ AuroraNews.am-ի հետ զրույցում քաղաքապետարանից պարզաբանել էին,որ վեճի պատճառը տրոլեյբուսի վարորդի տված լուսային ազդանշանն էր, որը մարդատար ավտոմեքենայի վարորդը սխալ էր ընկալել։ Քաղաքացիների միջամտության շնորհիվ վիճաբանությունը հարթվել էր։


