Իրանի փոխնախագահը կարևոր հայտարարություն է արել Փաշինյանի և տարածաշրջանային անվտանգության մասին
Իրանը դեմ կարտահայտվի տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող ցանկացած նախաձեռնության։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ Թեհրանի մոտեցումները վերահաստատվել են դեռևս Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթում։
Փուրմոհամմադին նաև նշել է, որ Իրանն առանձնացնում է երկու սկզբունքային դրույթ․
«Նախ՝ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը պետք է երաշխավորեն հենց տարածաշրջանի պետությունները։ Երկրորդ՝ Իրանը պատրաստակամ է սատարել յուրաքանչյուր քայլ, որն ուղղված կլինի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Իրանի համար Հայաստանի վարչապետը հարգված և վստահելի գործընկեր է, և մենք նրա հետ անմիջական կապի մեջ ենք», – ընդգծել է Իրանի փոխնախագահը։


