Կրակովում զանգվածային հրաձգության կասկածյալը կարող էր ծայրահեղ աջ հայացքներ ունենալ. Լեհաստանի ՆԳ նախարար
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ Կրակովում զանգվածային հրաձգության մեջ կասկածվող 24-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, ունեցել է արմատական հայացքներ և տարված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։
Այս մասին նախարարը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ հարձակվողը գործել է միայնակ, սակայն իրավապահները շարունակում են պարզել հանցագործության դրդապատճառները և ստուգել այլ անձանց հնարավոր մասնակցությունը։ Վերջին տվյալներով՝ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 16-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Տուժածներից 13-ը ստացել են կյանքին անմիջական վտանգ սպառնացող վնասվածքներ։ Հարձակվողը նույնպես վիրավորվել է ոստիկանների կրակոցներից, տեղափոխվել հիվանդանոց և ենթարկվել կրկնակի վիրահատության։ Կասկածյալի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, իսկ նախնական տվյալներով՝ նա կրակել է ավտոմատ զենքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի ոստիկանությունը հայտնել էր կասկածյալի տանը ևս երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի հայտնաբերելու մասին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք կարող են լինել հարձակվողի ընտանիքի անդամները։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են։


