Ռուսաստանում ուժի մեջ մտած օրենքը, որով ընդլայնվում է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը, կնպաստի երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նոր նորմերը թույլ կտան շարունակել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, ինչպես նաև կնպաստեն մեր երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը»,- գրել է Վոլոդինը «Մաքս» հարթակի իր ալիքում։
Օրենքով ավելի քան երկու անգամ ընդլայնվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնցով նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների արտաքսում Ռուսաստանից՝ իրավախախտումներ կատարելու համար, բացի տուգանքից։
Համապատասխան օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հուլիսի 21-ին, իսկ օգոստոսի 4-ին այն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոր կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին կարող է արտաքսում սպառնալ, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մանկապղծության, սեռի փոփոխության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության, ներգաղթային կանոնների խախտման, հասարակական կարգի խախտման, ՌԴ զինված ուժերի վարկաբեկման, պատժամիջոցների կոչերի և խտրականության համար։
Վոլոդինը, հղում անելով ՆԳՆ տվյալներին, հայտնել է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին ավելի քան 260 հազար միգրանտի նկատմամբ որոշում է ընդունվել Ռուսաստան մուտքն արգելելու մասին։ Սա 75,8 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
«Մուտքի մերժումների հիմնական մասը կապված է հենց Ռուսաստանից վարչական արտաքսման և դեպորտացիայի հետ։ Միևնույն ժամանակ, Դատական կարգադրիչների դաշնային ծառայության տվյալներով՝ 2026 թվականի ինը ամիսների ընթացքում մեր երկրից հարկադիր արտաքսվել է ռուսական օրենսդրությունը խախտած 63,5 հազար միգրանտ»,- հավելել է Պետդումայի նախագահը։
Վոլոդինը հիշեցրել է նաև, որ 2024 թվականից ի վեր Պետդուման ընդունել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված 32 դաշնային օրենք, որոնցից 21-ի նախաձեռնողները պատգամավորներն են եղել։


