Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հայտարարել է, որ Թուրքիայի սոցիալական ցանցերի տիրույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածվում։
Խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալիևի կողմից չհնչեցված արտահայտությունները վերագրվում են նրան և ներկայացվում որպես պետության ղեկավարի պաշտոնական դիրքորոշում։ Խորհուրդը դա որակել է որպես հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն։
դրբեջանական կառույցը կոչ է արել նախագահի ելույթների և հայտարարությունների վերաբերյալ տեղեկությունները ճշտել բացառապես պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին՝ զերծ մնալ չհաստատված տեղեկությունների տարածումից։
Հայտարարությունը հնչել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին։ Տարաձայնությունների պատճառներից մեկը դարձել են Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնները, որոնք սահմանափակում են գլխաշորերի կրումը։ Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են այդ որոշումը, ինչին Բաքուն արձագանքել է՝ մեղադրելով թուրքական կողմին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։


