24News-ի փոխանցմամբ՝ դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դարձել, որ չորս զինծառայողի մեղադրանք է առաջադրվել զինծառայողի ինքնասպանության հասցնելու դեպքի առնչությամբ։
Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք, զինվորական ենթամշակույթում ձևավորված արատավոր բարքերի համաձայն, ծառայակիցների նկատմամբ զբաղեցրել են «բարձր» դիրք և խմբով նվաստացրել են համածառայակցի անձնական պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետևանքով, ըստ նախնական վարկածի, զինծառայողն անզգուշությամբ հասցվել է ինքնասպանության։
Գործը մակագրվել է դատավոր Մերի Ալավերդյանին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մեղադրանքով չորս զինծառայող կալանավորվել է։
Հիշեցնենք, որ 20–ամյա զինծառայողի դին հայտնաբերվել էր ընթացիկ տարվա հունիսին՝ Կապանի զորամասերից մեկում։
Ծանոթագրություն. մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, անձը համարվում է անմեղ:


