Գայլերի ոհմակը ներխուժել է անասնագոմ․ մեծ թվով գառներ են սատկել
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com լրատվական կայքը, առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում գյուղի բնակիչներից մեկը, սովորականի պես մոտենալով իրեն պատկանող անասնագոմին՝ գառներին կերակրելու, հայտնվել է սարսափելի տեսարանի առջև։
Պարզվել է, որ գիշերը գայլերի ոհմակը ներխուժել է անասնագոմ և հոշոտել այնտեղ պահվող գառներին։ Ավելի քան 35 գառ սատկել է, իսկ շուրջ 30-ը ծանր վիրավոր են։ Ըստ բնակիչների՝ նրանց փրկվելու հավանականությունը չափազանց փոքր է։
Սատկած կենդանիների մեծ մասը մայրացու գառներ են, ինչի հետևանքով ընտանիքը զգալի նյութական վնաս է կրել։
Տուժած ընտանիքի անդամները կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Ապարանի բաժին։
Գյուղի բնակիչների խոսքով՝ նման դեպք իրենց բնակավայրում երբևէ չի գրանցվել։ Թեև նախկինում բազմիցս արձանագրվել են արջերի հարձակումներ, որոնց հետևանքով վնասվել են մեղվափեթակներ և հոշոտվել ոչխարներ, գայլերի ոհմակի կողմից նման մասշտաբի հարձակումն աննախադեպ է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում․


