Մենք մտադրություն չունեինք մնալ «օկուպացված» երկիր. որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական APA-ն:
«Ըստ ամենայնի, աշխարհի առաջատար տերությունների միջև այս հարցում կոնսենսուս կար: Սակայն նրանք սխալվեցին միայն նրանում, որ ոչ ճիշտ գնահատեցին ադրբեջանցի ժողովրդի տրամադրությունները և Ադրբեջանի կառավարության ծրագրերը:
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկուպացված» երկիր, ժողովուրդ, որի տարրական իրավունքները հավերժ խախտվելու են: Մենք մասնակցել ենք բանակցություններին ամենայն անկեղծությամբ և հույսով: Սակայն, երբ տեսանք, որ այս գործընթացը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, որոշում կայացրինք կարգավորել հարցը՝ ելնելով մեր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունից և դրա 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության իրավունքից:
Մենք պաշտպանեցինք մեզ, ջախջախեցինք թշնամուն, «ազատագրեցինք 32 տարի շարունակ Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները», վերականգնեցինք արդարությունը, վերականգնեցինք մեր արժանապատվությունը և կատարեցինք միջազգային իրավունքի պահանջները»,- նշել է Ալիևը:


