ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կժամանի Հայաստան
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակի հանդիպումներին։Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գրասենյակից։Ժիվկովիչը կգլխավորի ՄԱԶԾ պատվիրակությունը և կմասնակցի պաշտոնական միջոցառումներին, բարձր մակարդակի քննարկումներին ու ռազմավարական երկխոսություններին։ Դրանք ուղղված են Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացմանը, կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման խթանմանը և միջազգային հանձնառությունները ազգային ու տեղական մակարդակներում գործնական քայլերի վերածելուն։
Քննարկումների առանցքում կլինեն ստանձնած պարտավորություններից իրական արդյունքների անցումը, կենսաբազմազանության պահպանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման ներգրավումը, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման ծրագրերում ներառելը, ինչպես նաև տեղական մակարդակում մարդակենտրոն մոտեցումների կիրառումը։Այցի ընթացքում նախատեսվում է նաև վերահաստատել ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը և ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի իրականացրած ծրագրերի արդյունքները։
COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո Իվանա Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին։Այցերի ընթացքում ուշադրություն կդարձվի այն ծրագրերին, որոնք ուղղված են հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների նախաձեռնությամբ տնտեսական զարգացմանը։


