2027-ից սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի կուտակված գումարների հետ․ մանրամասներ
Պետական աշխատողների սոցիալական փաթեթի տրամադրումը նախատեսվում է դադարեցնել 2027 թվականից։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում։
Նախագծով առաջարկվում է սոցիալական փաթեթի շրջանակում ֆինանսավորումը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից։ Միաժամանակ, շահառուներին հնարավորություն կտրվի մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը օգտագործել իրենց հաշիվներում կուտակված գումարները։
Անհրաժեշտությունը
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) մշակվել են՝
1) սոցիալական երաշխիքները պետական հատվածում իրականացվող վարձատրության նոր մոտեցումների, այդ թվում՝ ատեստավորման և կատարողականի գնահատման արդյունքներով վարձատրության փուլային տարբերակով ներդրվող համակարգերի համատեքստում՝ հաշվի առնելով նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առկայությունը.
2) «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Սոցիալական փաթեթների ապահովում» (1015) ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» (12001) միջոցառման ծախսաարդյունավետության գնահատման արդյունքում՝ միջոցառման հետագա ֆինանսավորումն ընդհանուր առմամբ դադարեցնելու նպատակահարմարությամբ պայմանավորված։
Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սոցիալական փաթեթը ներդրվել է 2012-2013 թվականներին այն պայմաններում, երբ պետական հատվածում վարձատրությունը համեմատաբար ցածր էր, իսկ աշխատողներին լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տրամադրելու հնարավորությունները՝ սահմանափակ։ Այդ պայմաններում տարեկան 72,000 դրամ սոցիալական փաթեթը լրացուցիչ արտոնություն էր, որը միաժամանակ նպաստում էր պետական հատվածում աշխատանքի գրավչությանը։
Ավելի քան տասը տարի անց անհրաժեշտություն է առաջացել գնահատել սոցիալական փաթեթի բյուջետային արժեքն ու ծախսաարդյունավետությունը՝ հասկանալու համար, թե արդյոք սահմանված նպատակներից յուրաքանչյուրի համար սոցիալական փաթեթը շարունակում է մնալ անհրաժեշտ և արդյունավետ առանձին պետական գործիք։
Սոցիալական փաթեթը պետական աշխատողների համար օրենքով սահմանված սոցիալական երաշխիք է, որի համար սոցիալական փաթեթի հատկացման կարգով (սահմանված է Կառավարության 27.12.2012 թ. N 1691-Ն որոշմամբ) որպես հիմնական նպատակ սահմանվել է՝ պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողների մոտիվացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը և պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը նպաստելը: Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ այդ նպատակների մի մասի համար արդեն ձևավորվել կամ ձևավորվում են առանձին համակարգային լուծումներ, իսկ մյուս բաղադրիչների տրամադրման գործող սկզբունքը չի հիմնվում շահառուի սոցիալական կամ եկամտային վիճակի վրա։ Մասնավորապես, վերջին տարիներին պետական հատվածում աշխատանքի գրավչության, աշխատողների մոտիվացման և կադրերի պահպանման քաղաքականությունը էապես փոխվել է․ սոցիալական փաթեթի՝ տարեկան 72,000 դրամի միասնական արտոնությանը զուգահեռ ներդրվել են ուղղակի և զգալիորեն ավելի մեծ ֆինանսական ազդեցություն ունեցող վարձատրության մեխանիզմներ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորում (9,602 ուսուցիչ կամ շուրջ 31%), ուժային կառույցներում ատեստավորման հիմքով հավելավճարներ, հանրային ծառայողների բազային աշխատավարձի 25.8% աճ, ինչպես նաև կատարողականի հիմքով խրախուսման համակարգ։ 2026 թ. հունվարի 1-ից ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը՝ փուլային տարբերակով։
2027 թվականից նախատեսվող հանրային ծառայության վարձատրության բարեփոխման լրացուցիչ ֆինանսական պահանջը գնահատվում է շուրջ 30 մլրդ դրամ, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է սոցիալական փաթեթի տարեկան ծախսը։ Հետևաբար, սոցիալական փաթեթի՝ աշխատանքի գրավչության, մոտիվացման և կադրերի պահպանման գործառույթն այլևս չի կարող ինքնին բավարար հիմնավորում հանդիսանալ ծրագիրը գործող՝ բոլոր շահառուներին նույն չափով տրամադրվող ձևաչափով պահպանելու համար։ Բացի այդ, գործող փաթեթը սոցիալական չափանիշների վրա հիմնված չէ և ստեղծում է հորիզոնական անհավասարություն նույն եկամտային դիրքում գտնվող աշխատողների միջև, մասնավորապես այն դեպքում, երբ միևնույն ոլորտում աշխատող ոչ բոլոր պետական կազմակերպությունների աշխատողներն են, որ ունեն սոցիալական փաթեթի իրավունք։ Էական է նաև այն, որ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ընտրության մասով սահմանված չէ հստակ չափորոշիչ։ Սոցփաթեթի շահառու կազմակերպություններում առկա մի շարք կազմակերպություններ՝ սոցփաթեթի շահառուների ցանկում ներառվել են ոլորտային նախապատվության, որոշներն էլ՝ հատվածական որոշումների հիման վրա:
Մյուս կողմից, սոցիալական փաթեթից օգտվող շահառուների ընտրության ընդհանուր սկզբունքների սահմանումը բերելու էր սոցփաթեթի շահառուների շրջանակի զգալի ընդլայնման, որի հնարավորությունը տարբեր տարիների բյուջետային պլանավորման հնարավորություններով առկա չի եղել։ Որոշ դեպքերում էլ՝ սոցփաթեթի շահառուների շրջանակն ընդլայնվել է փուլ առ փուլ՝ այդպիսով կրկին չներգրավելով բոլոր պետական աշխատողների շրջանակը։ Մեկ այլ խնդիր է այն, որ ծրագիրն ունի բարդ ընթացակարգ՝ սոցփաթեթի գումարների ծախսման խիստ սահմանափակ ուղղություններ և սոցփաթեթի հատկացման համար բանկերի հետ համագործակցության անհրաժեշտություն, սոցփաթեթի հատկացման ապահովման մասով ներգրավված անձնակազմ, բյուջետավորման ոչ ճկուն գործընթաց (1015-12001 միջոցառման շուրջ 58 կատարողների միջև հատկացվող սուղ միջոցների բաշխման ոչ ճկուն համակարգ), առկա են նաև վերահսկողության խնդիրներ, այդ թվում՝ պայմանավորված զբոսաշրջության օպերատորների միջոցով, տարբեր զարտուղի ճանապարհների կիրառմամբ կանխիկացումների դեպքերով։
Վերոգրյալով պայմանավորված՝ սոցիալական փաթեթի տրամադրումն ամբողջությամբ վերանայվում է («Սոցիալական փաթեթների ապահովում» (1015) ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է դադարեցնել նաև ոչ պետական պաշտոն կամ ոչ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար) 2012 թվականին ձևավորված հատվածային արտոնությունը 2027 թվականի սոցիալական պաշտպանության, առողջության ապահովագրության համակարգերին, ինչպես նաև պետական հատվածի վարձատրության բարեփոխված համակարգին համապատասխանեցնելու համատեքստում։
«Սոցիալական փաթեթների ապահովում» (1015) ծրագրի իրավական հիմքերը
Սոցփաթեթի հատկացման կարգը սահմանված է Կառավարության 27.12.2012 թ. N 1691-Ն որոշմամբ, որի նախաբանում նշված են հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիմքերը.
- «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը,
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 26-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը,
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը,
- «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ ու 9-րդ մասերը։
Վերոգրյալ իրավական հիմքերից օրենքով սահմանված իրավունքներում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար տրված է սոցիալական փաթեթի իրավունքը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները հանդիսանում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուներ՝ Կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, մնացած՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ ու 9-րդ մասերով ուղղակի տրված է, որ հանրային ծառայողներն ունեն «այլ սոցիալական երաշխիքներ»։
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից բացի՝ սոցփաթեթի մյուս շահառուներին, օրինակ, հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների և այլ պետական աշխատողների, ինչպես նաև «ԽՍՀՄ» և ՀՀ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձանց համար սոցփաթեթի իրավունքը սահմանված է միայն Կառավարության 27.12.2012 թ. N 1691-Ն որոշմամբ, և որևէ այլ օրենքով այն ապահովված չէ։ Հարկ է նկատել նաև, որ սոցփաթեթի հատկացման գործող կարգին համապատասխան՝ սոցփաթեթի միջոցները փոխանցվում են շահառուների հաշվեհամարներին ամսական պարբերականությամբ և ունեն կուտակային բնույթ։ Սոցփաթեթի հատկացման կարգով նախատեսված են սահմանափակ ուղղություներ, որոնցով սոցփաթեթի շահառուները կարող են ծախսել իրենց սոցփաթեթի գումարները, ինչպես նաև սահմանված են որոշակի սահմանափակ դեպքեր, երբ հնարավոր է կանխիկացնել սոցափաթեթի գումարները։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչելուց հետո նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել նաև Կառավարության 27.12.2012 թ. N 1691-Ն որոշմամբ սահմանված կարգը։ Փոխարենը, նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ընթացակարգ, համաձայն որի՝ մինչև 2027 հունվարի 1-ը սոցփաթեթի բանկային հաշիվներին կուտակված՝ սոցփաթեթի շահառուներին հասանելիք գումարները ենթակա կլինեն վերջիններիս կողմից օգտագործման։
Սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերում 2026 թ. հուլիս ամսվա հաշվարկներով առկա է շուրջ 13 մլրդ դրամ գումար, որը սոցփաթեթի շահառուներին հասանելիք և արդեն իսկ փոխանցված գումարներն են, որոնք ենթակա են պահպանման և, ըստ այդմ, հետագայում վերջիններիս կողմից օգտագործման։
Նախատեսվում է նաև մինչև 2027 թ. հունվարի 1-ը պետք է ընդունված լինի Կառավարության որոշումը, որով սահմանվի մինչև 2027 թ. հունվարի 1-ը սոցփաթեթի հաշիվներին բանկերում կուտակված գումարները օգտագործելու կարգը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի փաթեթի մշակման հիմքում դրված է Կառավարության 13.05.2022 թ. N 691-Լ որոշմամբ հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 31-րդ կետում, ինչպես նաև Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի «Հանրային կառավարման արդյունավետություն և թվային վերափոխում» բաժնում, ներառյալ՝ հանրային ֆինանսների և ակտիվների արդյունավետ կառավարում գլխում ներառված տեսլականը և պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման համատեքստն առ այն, որ կառավարության ծախսային քաղաքականությունն առաջնահերթություն է տալու արտադրողականությունը խթանող ծախսերին՝ հանրային ռեսուրսներն ուղղելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացումն ապահովող ներդրումներին, որոնք ստեղծում են երկարաժամկետ տնտեսական արժեք, ամրապնդելու են ֆիսկալ դիմակայունությունը և նպաստելու կայուն ու ներառական տնտեսական աճին։
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
1) Նախատեսվում է 2027 թ. հունվարի 1-ից դադարեցնել «Սոցիալական փաթեթների ապահովում» (1015) ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» (12001) միջոցառման ֆինանսավորումը, որի հետևանքով ազատվող միջոցները՝ տարեկան շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ, ուղղվելու են պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։
Միայն սոցփաթեթի ծրագրի համար (առողջապահական փաթեթը չներառված) ՀՀ 2023, 2024 թթ. բյուջեներով նախատեսվել է 10,6 մլրդ դրամ, 2025 թ. բյուջեով՝ 11,7 մլրդ դրամ, 2026 թ. բյուջեով՝ 9.6 մլրդ դրամ:
Մասնավորապես նշենք, որ սոցփաթեթի շահառուներին տրամադրվող միջոցները 2015 թ. հունվարի 1-ից կազմում են ամսական առավելագույնը 6,000 (տարեկան՝ 72,000) դրամ (համամասնորեն նվազում է կախված աշխատողի ծանրաբեռնվածությունից (աշխատաժամանակի տևողությունից), օրինակ, 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ աշխատողի սոցփաթեթը կազմում է ամսական 3000 դրամ):
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանցից բացի՝ ծրագրի շահառու են հանդիսանում նաև դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության և պետական մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի աշխատողները։
2) Սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերում 2026 թ. հուլիս ամսվա հաշվարկներով առկա է շուրջ 13.1 մլրդ դրամ գումար, որը սոցփաթեթի շահառուներին հասանելիք և արդեն իսկ փոխանցված գումարներն են։ Նախատեսվում է, որ նրանք պահպանելու են իրենց գումարները օգտագործելու իրավունքը մինչև 2029 թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ)։ Այսինքն, նախագծի փաթեթով նախատեսվում է նաև ողջամիտ ժամկետ՝ մինչև 2029 թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ) կուտակված գումարները օգտագործելու համար, որից հետո (2030 թ. հունվարի 1-ից հետո) 3 ամսվա ընթացքում բանկերը չօգտագործված գումարները փոխանցելու են ՀՀ պետական բյուջե։
Ակնկալվող արդյունք
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
– ապահովել պետական ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում՝ հանրային ռեսուրսներն ուղղելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացումն ապահովող՝ ՀՀ պետական բյուջեով ապահովվող այլ ծրագրերի ֆինանսավորմանը։
– պահպանել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սոցիալական փաթեթի հաշիվներում կուտակված և շահառուներին հասանելիք միջոցների օգտագործման հնարավորությունը՝ սահմանելով ողջամիտ ժամկետ (մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը)։
Հավելենք՝ նշված ժամանակահատվածում սոցփաթեթի հաշվի սեփականատերերը հնարավորություն կունենան կուտակված սոցիալական փաթեթի գումարներն օգտագործել նախագծերի փաթեթի ընդունումից հետո՝ Կառավարության որոշմամբ սահմանված ուղղություններով։


