ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նաև տեսանյութը նկարահանած կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նա կներկայացվի նախաքննական մարմին։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում նվաստացնում իր կողակցին: Ավելի ուշ միջամտել էր նաև մեկ այլ ուղևոր, և լեզվակռիվ էր սկսվել: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն արձագանքել էր՝ նշելով, որ տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:


