Աշակերտի կիսամյակային և տարեկան գնահատականները էլեկտրոնային դասամատյանում հաշվարկում է համակարգը, իսկ ուսուցիչը դրանք հաստատում է հաշվարկի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ուսուցչի հաստատումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, դպրոցի տնօրենը կարող է փոխել գնահատականը, եթե առկա են բոլոր 3 պայմանները՝ հիմնավոր պատճառաբանություն, մանկավարժական խորհրդի որոշում և լիազոր մարմնից ստացված թույլտվություն։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանի 2-րդ հավելվածով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգի» 1.1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով (1.1-ին կետը խմբագրվել և լրացվել է 2025 թվականի մայիսի 16-ի N 42-Ն հրամանով)։
Ե՞րբ է համակարգը հաշվարկում գնահատականը
Կարգի համաձայն՝ ուսումնական պլանով նախատեսված առաջին և երկրորդ կիսամյակներն ավարտելու օրվան հաջորդող 4-րդ օրը համակարգն ինքնաշխատ եղանակով հաշվարկում է սովորողների կիսամյակային և տարեկան գնահատականները։
Ո՞ր ժամկետում է ուսուցիչը հաստատում գնահատականները
Կիսամյակային և տարեկան գնահատականները հաստատվում են ուսուցչի կողմից՝ համակարգի կողմից հաշվարկի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե ուսուցիչը նշված ժամանակահատվածում գնահատականները չի հաստատում, նա գրավոր պարզաբանում է ներկայացնում տնօրենին՝ հաստատելու թույլտվություն ստանալու համար։
Ո՞վ և ի՞նչ պայմաններով կարող է փոխել գնահատականը
Ուսուցչի կողմից գնահատականները հաստատելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում կարող է փոփոխություն կատարել միայն հետևյալ պայմանների համատեղ առկայության դեպքում.
- փոփոխության համար կա հիմնավոր պատճառաբանություն,
- փոփոխությունը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ,
- փոփոխությունը կատարվում է լիազոր մարմնից գնահատականները փոխելու թույլտվություն ստանալուց հետո։
«Ամփոփելով՝ կիսամյակային և տարեկան գնահատականները համակարգը հաշվարկում է ուսումնական պլանով նախատեսված կիսամյակի ավարտի օրվան հաջորդող 4-րդ օրը, ուսուցիչը դրանք հաստատում է հաշվարկի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաստատումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենը կարող է փոխել գնահատականը՝ հիմնավոր պատճառաբանության առկայության դեպքում, մանկավարժական խորհրդի որոշմամբ և լիազոր մարմնից թույլտվություն ստանալուց հետո», – տեղեկացնում է կայքը։


