Ձեր 27 տարեկանը լրացել է, իսկ օրենքի խախտմամբ զինվորական ծառայություն չեք անցել. մինչև 37 տարեկանը 5 տարբերակ ունեք
Եթե 27 տարեկանը լրացել է, իսկ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չեք անցել և ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք չունեք, մինչև 37 տարին լրանալը կարող եք ձեր ցանկությամբ ընտրել 5 տարբերակից մեկը։ Դրանք են՝ 24 ամիս ծառայություն, 12, 6 կամ 1 ամիս ծառայություն՝ համապատասխանաբար 2,5, 5 կամ 8 միլիոն դրամ վճարելով, կամ ծառայության չզորակոչվել՝ վճարելով 15 միլիոն դրամ։Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով։Ո՞վ է համարվում օրենքի խախտմամբ ծառայություն չանցած
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը։ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացածները զորակոչի ենթակա են մինչև 28, իսկ պահեստազորի սպայական կազմը՝ մինչև 35 տարին լրանալը։
Նույն հոդվածի 1.2-րդ մասի իմաստով՝ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին.
- որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ
- որը «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո։
Ո՞ր 5 տարբերակից կարող եք ընտրել
Եթե ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք չունեք, շարքային կազմի համար մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի համար մինչև 45 տարին լրանալը կարող եք ձեր ցանկությամբ.
- զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով,
- զորակոչվել 12 ամիս ժամկետով՝ պետական բյուջե վճարելով 2 500 000 դրամ,
- զորակոչվել 6 ամիս ժամկետով՝ վճարելով 5 000 000 դրամ,
- զորակոչվել 1 ամիս ժամկետով՝ վճարելով 8 000 000 դրամ,
- չզորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ վճարելով 15 000 000 դրամ։
Իսկ եթե ազատման կամ տարկետման հիմք ունե՞ք
Եթե օրենքի խախտմամբ ծառայություն չեք անցել և 27 տարին (պահեստազորի սպայական կազմի դեպքում՝ 35 տարին) լրանալուց հետո ունեք ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, դուք չեք կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր եք պետական բյուջե վճարել 15 000 000 դրամ։
Ի՞նչ է լինում ծառայելուց կամ վճարելուց հետո
Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետի համաձայն՝ 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի ծառայություն անցած և արձակված կամ ծառայություն չանցնելու դիմաց սահմանված գումարը վճարած քաղաքացիները հաշվառվում են պահեստազորում՝ տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ։
Ամփոփում
Ամփոփելով՝ 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացին ազատման կամ տարկետման հիմք չունենալու դեպքում մինչև 37 տարին լրանալը կարող է ընտրել 24 ամիս ծառայություն, 12, 6 կամ 1 ամիս ծառայություն՝ 2,5, 5 կամ 8 միլիոն դրամ վճարելով, կամ չզորակոչվել՝ վճարելով 15 միլիոն դրամ, իսկ եթե նա 27 տարին լրանալուց հետո ունի ազատման կամ տարկետման հիմք, չի կարող զորակոչվել և պարտավոր է վճարել 15 միլիոն դրամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


