Կիևում զանգվածային բողոքի ակցիա է․ պահանջում են Կլիչկոյի հրաժարականը
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հրաժարականի պահանջով հանրահավաք է սկսվել Կիևի քաղաքային վարչակազմի շենքի մոտ: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը, սոցիալական ցանցերում նույնպես հայտնվել են բողոքի ակցիայի կադրեր: Ակտիվիստները քաղաքապետին մեղադրում են ձմռանն ու աշնանը մայրաքաղաքը պատշաճ կերպով չնախապատրաստելու, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների և նորմալ ապաստարանների բացակայության մեջ:
Ըստ տվյալների քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվել է ավելի քան երկու հազար մարդ: Ակցիային եկել է նաև Կիևի քաղաքապետի աջակցության խումբը: Ոստիկանությունը խնդրել է նրանց հեռանալ անվտանգ հեռավորության վրա, որպեսզի սադրանքներ չլինեն, սակայն Կլիչկոյի կողմնակիցները հրաժարվել են հեռանալ:
Դատելով հրապարակված կադրերից՝ ցուցարարները վանկարկում են. «Հրաժարակա՛ն», «Կլիչկո՛, ճաղերի հետևը»:
Ավելի վաղ Զելենսկին քննադատությամբ էր հանդես եկել Կլիչկոյի հասցեին: Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները գրեթե ամբողջությամբ տապալել են քաղաքի նախապատրաստումը էներգետիկային հասցվող հարվածներին:
Ավելի ուշ՝ ելույթի ժամանակ Կլիչկոն կենտրոնական իշխանությանը մեղադրել է ստի արշավի, քաղաքային կարիքների համար նախատեսված փողերի արգելափակման և համագործակցության բացակայության մեջ: Նա նաև կոչ է արել պատասխանել, թե ինչու չի աշխատում Կիևի ՀՕՊ-ը, և ուր են գնացել դրա ամրապնդման համար հատկացված միլիարդները: Նրա խոսքով՝ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները ոչնչացնում են տեղական ինքնակառավարումը, քաղաքները պատրաստ չեն ձմռանը՝ կառավարության կողմից այդ նպատակների համար նախատեսված միջոցների սառեցման պատճառով:


